ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը
Իրանական միջուկային գործարքի վերսկսման շուրջ պայմանավորվածությունը գտնվում է հասանելիության սահմաններում: Այդ մասին հունիսի 25-ին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Պայմանավորվածությունը հասանելիության սահմաններում է»,-ասել է նա լրագրողներին:
«Այն, ինչն արդեն համաձայնեցվել է, հարցերի ծավալի եւ բնույթի հարցում զգալիորեն գերակշռում է այն, ինչը դեռ չի կարգավորվել: Բայց վերջին ցատկը միշտ մեծ դժվարությամբ է տրվում»,-նշել է Ռյաբկովը: Ավելի վաղ նա չէր բացառում, որ վերջնական պայմանավորվածության ձեւակերպումը կարող է ոչ թե ամիսներ, այլ շաբաթներ տեւել: Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է անում ձեռնպահ մնալ հայտարարություններից, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցությունների ձգձգումը կարող է դեւալվացնել պայմանավորվածությունը, ասել է Սերգեյ Ռյաբկովը:
«Վերջին ցատկը միշտ մեծ դժվարությամբ է տրվում, առավել եւս, որ հարցերը, որոնք դեռեւս չեն հասել թղթային ձեւակերպման փուլին, քաղաքականապես զգալի չափով լիցքավորված են: Ե՛վ ԱՄՆ-ի համար, ե՛ւ Իրանի համար: Ուստի տեղի է ունենում ազդակների փոխանակում, այդ թվում՝ հրապարակային»,-լրագրողներին ասել է Ռյաբկովը: Նրա խոսքով՝ այժմ «ամեն բան կախված է քաղաքական կամքից»: «Ամերիկյան կողմի այն հիշատակումը, որ եթե գործընթացը հետագայում էլ ձգձգվի, ապա հիպոթետիկորեն պայմանավորվածությունը կարող է դեւալվացվել. ահա մենք դեմ ենք նման մոտեցմանը: Դա այդպես չէ: ԳՀՀԾ-ն սկզբում ցուցաբերում էր իր սեփական մասնագիտական պիտանիությունը»,-նշել է փոխնախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: