Բաժիններ՝

Ի՞նչ է արել, որ հիմա ցուցանիշներ է հայտարարում. թող գնա Շիրակի գոտով զբաղվի. հենց այսօր երաշտ է Շիրակի գոտում. Հրաչ Բերբերյանը՝ Վահան Քերոբյանին

Հայաստանից արդեն արտահանվել է 86 հազար տոննա թարմ գյուղմթերք, որը կրկնակի ավելի է անցած տարվա ցուցանիշից: Երեկ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

Նրա լավատեսական այս դիտարկումը, սակայն, պարզ տրամաբանություն ունի. անցյալ տարի թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային շուկաներում համավարակով պայմանավորված՝ գործում էին արտահանման և ներմուծման խիստ սահմանափակումներ, և պարզ էր, որ այս տարի նախորդ տարվա համեմատ արտահանման ծավալների ավելացում կլիներ:

Նախարարի պաշտոնակատարի այս «ոգևորող» ցուցանիշների և առհասարակ գյուղատնտեսական ոլորտում առկա իրավիճակի մասին 168.am-ը զրուցեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի հետ:

Վերջինս, սակայն, զարմանքով նշեց. «Վահան Քերոբյանն ի՞նչ է արել գյուղատնտեսության համար, որ հիմա ցուցանիշներ է հայտարարում. թող գնա Շիրակի գոտով զբաղվի, որտեղ աղետ է. հենց այսօր երաշտ է Շիրակի գոտում, ջրամբարներն էլ կիսով չափ դատարկ են: Գյուղացիները երեկ ճանապարհը փակել են, Ավինյանն այնտեղ է եղել, մինչև հիմա ոչինչ չեն արել»:

Դիտարկմանը, թե նախարարի պաշտոնակատարի համոզմամբ՝ խնդիրը ջրային ռեսուրսի պակասն է և Թուրքիայում կառուցված ջրամբարը, որի պատճառով Ախուրյան գետում ջրի քանակը կրճատվել է, «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահն արձագանքեց. «Ջրամաբարները ժամանակին չեն սպասարկել, Արփի լճի ջուրը գնացել է դեպի Բաղրամյան ջրամբար, այնտեղից էլ գնացել է Թուրքիա:

Մարդկանց բերքը հենց էսօր չորանում է Շիրակի գոտում: Ջրամբարները ժամանակին պետք է կարգի բերեին, տիղմը պետք է հանեին. հիմա, օրինակ, Կառնուտի ջրամբարում 4 միլիոն ջուր է մնացել, որից երկու միլիոնը տիղմ է»:

Ըստ նրա՝ նաև սրանով պայմանավորված՝ այս  տարի կարտոֆիլի գինը կբարձրանա (հիշեցնենք՝ գյուղատնտեսն ավելի վաղ նշել էր նաև կարտոֆիլի ցանքատարածությունների պակասի մասին), մինչդեռ այս տարի լուրջ քանակությամբ վաղահաս կարտոֆիլ են արտահանել:

Ի դեպ, Հրաչ Բերբերյանի տեղեկություններով՝ նախարարության՝ Շիրակի մարզում գործող սերմնաբուծական կենտրոնի բերքը ևս  լրիվ չորացել է:

Անդրադառնալով առհասարակ ոռոգման համակարգի խնդիրներին՝ «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը նկատեց, որ, ըստ օդում կախված լուրերի, վտանգ կա, որ ոռոգման համակարգը կմասնավորեցվի. «Կարծում եմ՝ կհայտնվի արտասահմանյան ընկերություն, որի հետևում հայ գործարար կանգնած կլինի (այստեղի սուտ օլիգարխներից մեկը), ջրամբարներն իրենով կանի,  ջուրը կթանկացնի մի քանի անգամ»:

Ամփոփելով՝ փորձագետը նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում կառավարության քայլերից դժգոհ է, սակայն չմանրամասնեց, թե ինչից՝  նկատելով. «Կունենանք  նախարարություն՝ կխոսենք, չունենք նախարարություն՝  չենք խոսում դրա մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս