Նախագահ Հարությունյանը միանում է Սրապիոնյանի պահանջին. կհարուցվի դատական գործ
Ցավում եմ, որ բանասեր և պետական գործիչ պարոն Սերժ Սրապիոնյանը դարձել է Արցախի նախագահի ընդդիմախոսների տարածած ապատեղեկատվության զոհը՝ անգիտակցաբար ներգրավվելով այդ արշավի մեջ:
«Արցախպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով բանասեր, պետական գործիչ Սերժիկ Սրապիոնյանի՝ նախօրեին հայկական մամուլում արած հայտարարությանը, ըստ որի՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, իբր, 200հա հողատարածք է գնել ՀՀ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի վարչական տարածքում։
«Համոզված եմ, որ հարգարժան գիտնականին մոլորեցրել են նպատակադրված: Ո՛չ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում և ո՛չ էլ դրա մերձակայքում Արցախի նախագահը որևէ սեփականություն չունի և, բնականաբար, չէր կարող որևէ մեկին զրկել իր անասունները արածեցնելու հնարավորությունից Զարթոնքի հարևանությամբ գտնվող որևէ տարածքում: Նախագահը միանում է պարոն Սրապիոնյանի պահանջին՝ գնալ, քննել և տեսնել, թե ով է իրականում գնել, զավթել գյուղացիների հողը, որովհետև տվյալ դեպքում հակաարցախյան տրամադրություններ բորբոքելու ակնհայտ միտում է նկատվում: Հուսով եմ՝ պարոն Սրապիոնյանը իր կեղծ պնդումները կհերքի, այլապես նախագահ Հարությունյանը ստիպված է լինելու դիմել դատարան՝ զրպարտության հիմքով: Ինչ վերաբերում է Արցախի նախագահի և Արցախի հանրապետության հասցեին հնչեցված տեսակետներին, ապա ցավում եմ, որ ադրբեջանցիները հայ գիտնականին հաճույքով ցիտելու հնարավորություն ստացան»,֊ մասնավորապես ասել է ԱՀ նախագահի խոսնակը: