Ոտքի էլ ենք կանգնում, ծնկի էլ ենք իջնում, ձեռքերն էլ ենք պաչում. Վահան Քերոբյան

Կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան՝ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը տեղեկացրեց՝ ջրի սակավության խնդիրը մի քանի գործոնով է պայմանավորված.

«Եթե խոսքը ոռոգման ջրի մասին է, ապա՝ նախ ջրային ռեսուրսների փոքր-ինչ սակավություն ունենք, և երկրորդը՝ Թուրքիայում կառուցվել է Կարսի ջրամբարը, որի պատճառով Ախուրյան գետում ջրի քանակը կրճատվել է»:

Դիտարկմանը, որ մասնավորապես Արմավիրի մարզում ոռոգման ջրի պակաս կա, գյուղացիները պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել, Վահան Քերոբյանն արձագանքեց, որ տեղյակ է այդ մասին. «Մենք հիմա համատեղ աշխատում ենք տարածքային կառավարման նախարարի հետ, որպեսզի լուծենք այդ հարցը»:

Անդրադառնալով տեղեկություններին, որ Հայաստանը Վրաստանի միջոցով Թուրքիայից է էլեկտրաէներգիա ներկրում, քանի որ մեր հէկ-երն ու ջէկ-երը չեն աշխատում՝ նա նկատեց, որ դա իր ոլորտը չէ:

Ի դեպ, էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը նաև «կիսվեց շատ լավ նորությունով»՝ նշելով, որ այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է արդեն 86 հազար տոննա թարմ գյուղմթերք, որը կրկնակի ավելի է, քան անցած տարի:

Վահան Քերոբյանը խոսեց նաև այն մասին, թե ինչու հակառակ, օրինակ, գյուղերում ապրող շատ մարդկանց կեցության ակնհայտ վատ պայմանների՝ ինքը շարունակ լավատեսական դիտարկումներ է անում. «Էլի ընկալման հարց է. Ես, օրինակ, այս քարոզարշավի ընթացքում կարողացել եմ մասնակցել միայն ոչ աշխատանքային օրերին և ժամերին. ես ձեզ կարող եմ ասել, որ այդ մի տասնյակ գյուղը և քաղաքը, որտեղ ես եղել եմ, բացարձակապես այլ տրամադրությամբ էին, որը   արտահայտվում է ընտրությունների արդյունքներով.  Գյուղական համայնքներում մեր կառավարությունը ջախջախիչ հաղթանակ է տարել: Երևանում ոչ այնքան համոզիչ, բաց էլի հաղթանակ, բայց ոչ այնքան համոզիչ,  իսկ գյուղական համայնքներում մեր հաղթանակը ցույց է տալիս, որ տրամադրությունները գյուղում, հակառակը՝ այնպիսին են, որ ցույց են տալիս այն, որ մեր կառավարության արած աշխատանքն իրենք գնահատում են»:

Նախարարի պաշտոնակատարն իր թիմին հարիր ոգով նկատեց, որ գյուղերում աղքատության հիմնական խնդիրը մինչև 2018 թվականը վարված քաղաքականության պատճառով է և մասնավորապես՝ հողային խայտառակ ռեֆորմի, որը եղել է 90–ականների սկզբին:

Նախարարի պաշտոնակատարից  հետաքրքրվեցին նաև՝ արդյո՞ք նա ևս ոտքի է կանգնել Նիկոլ Փաշինյանի՝ նիստերի դահլիճ մտնելու ժամանակ:

Հիշեցնենք՝ այսօր քննարկումների ծիրում հայտնվեց կառավարության այսօրվա նիստի այն դրվագը,  երբ արդեն միացված էր ուղիղ եթերը և լսելի էր վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանի հորդորը` ոտքի կանգնել, երբ Նիկոլ Փաշինյանը ներս մտնի:

Վահան Քերոբյանն ասաց, որ ինքն էլ է կանգնել: Լրագրողների հարցերին ի պատասխան՝ նա պարզաբանեց, որ նախկինում նման բան չի եղել, իսկ թե ինչու՝ այս անգամ՝ նկատեց.

«Ես կարծում եմ, որ սա նշանակալի երևույթ էր. այսինքն՝ մենք դրանով մի անգամ ևս ընդգծեցինք ընտրություններում մեր ունեցած արդյունքները»:

Դիտարկմանը, որ իշխանությունը ժողովուրդն է, ինչո՞ւ ժողովրդին տեսնելիս ոտքի չեն կանգնում, Վ. Քերոբյանն ասաց. «Ոտքի էլ ենք կանգնում, ծնկի էլ ենք իջնում, ձեռքերն էլ ենք պաչում, գրկում ենք»:

Նա անարձագանք թողեց լրագրողի այն դիտարկումը, թե Հյուսիսային Կորեայի նիստերում ենք նման կադրերի ականատես լինում:

Տեսանյութեր

Լրահոս