
Արմեն Չարչյանի համար երաշխավորագիր կներկայացնի՞ Անահիտ Ավանեսյանը. «Այդ հարցը բաց է, կապրենք կտեսնենք»

Այսօր Կառավարության նիստից հետո Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը լրագրողի հարցին ի պատասխան, անդրադառնալով պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորմանը և սրտային տագնապով բժշկական կենտրոն տեղափոխվելու հանգամանքին, հույս հայտնեց, որ բժիշկն արագ կապաքինվի:
«Ես պրոֆեսորին շուտափույթ ապաքինում եմ մաղթում և քաջառողջություն: Մնացած հարցերի հետ կապված, կարծում եմ, որ իմ մեկնաբանման կամ որևէ դիտարկում անելու այս պարագայում չկա ոչ մի բան, բայց մեր կողմից հստակ կերպով նրան բոլոր անհրաժեշտ բժշկական օգնությունը ցույց է տրվում, ես հուսով եմ, որ նա շատ արագ կապաքինվի, և ամեն ինչ լավ կլինի»:
Հարցին, թե չի՞ պատրաստվում երաշխավորագիր ներկայացնել իր կոլեգայի համար, որ նա գոնե քրեական գործի նախաքննության ընթացքում մնա ազատության մեջ, հաշվի առնելով բժշկի ավանդը, Ավանեսյանը պատասխանեց.
«Այդ հարցը բաց է, կապրենք՝ կտեսնենք»:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե որտե՞ղ է տեսնում իրեն Առողջապահության նախարարի պաշտոնակատարը՝ օրենսդի՞ր, թե՞ գործադիր մարմնում:
«Եթե ինձ առաջարկվի պաշտոնավարությունը շարունակել, մեծ սիրով կընդունեմ առաջարկը: Իմ նախասիրությունը գործադիրում լինելն է»,- ասաց Ավանեսյանը: