Արմեն Չարչյանը կկալանավորվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մելիքսեթյանի նախագահությամբ, բավարարել է ՀՔԾ-ի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:

Արմեն Չարչյանին  մեղադրանք էր առաջադրվել հունիսի 21-ին՝ այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն բավարարել էր դատախազության ներկայացրած միջնորդությունները՝ Չարչյանին մեղադրանք առաջադրելու և նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

«Իզմիրլյան» ԲԿ ղեկավարին մեղադրանք առաջադրելու հիմքում ձայնագրությունն էր, որով վերջինս աշխատակիցներին «խնդրել, հորդորել, պահանջել» էր մասնակցել հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ հակառակ դեպքում խոստանալով կոշտ վերաբերմունք ցուցաբերել ընտրությանը չմասնակցած աշխատակիցների հանդեպ: Մեղադրանքում նշված է, թե Չարչյանը պարտադրել ու հարկադրել է աշխատակիցներին:

Չարչյանն էլ երեկ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, թե իր գործողություններում որևէ պարտադրանք կամ հարկադարանք չկա, ու ինքն արտահայտել է այդ կերպ իր քաղաքացիական դիրքորոշումը:

Տեսանյութեր

Լրահոս