Բաժիններ՝

Ես էլ եմ եղել բիզնեսմեն. Վահան Քերոբյանը՝ Խաչատուր Սուքիասյանի, Գուրգեն Արսենյանի՝ ՔՊ ցուցակով ԱԺ մտնելու մասին

Լրագրողներն այսօր կառավարությունում էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանից հետաքրքրվեցին, թե Նիկոլ Փաշինյանի կողմից ամեն տարի առնվազն 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու նախընտրական խոստումն ինչ տնտեսական հիմքեր ունի՝ հաշվի առնելով հատկապես ներդրումների բացակայության խնդիրը:

Ինչպես և սպասելի էր՝ տնտեսական առկա իրավիճակին անհամապատասխան լավատեսությամբ աչքի ընկնող նախարարի պաշտոնակատարն ուներ այդ հարցի պատասխանը. ավելին՝ արեց փոքրիկ ճշգրտում. «Նախ՝ ուզում եմ ասել, որ 7 չի, այլ 9 տոկոս է, որովհետև եթե դուք նայել եք նախընտրական ծրագիրը, այնտեղ գրված է՝ բարենպաստ արտաքին միջավայրի պարագայում՝ 9 տոկոս, և մենք մեր կառավարության ծրագիրը կազմելու ենք հենց այդ տրամաբանությամբ, նույնիսկ մի քիչ էլ ավել, որպեսզի գոնե 9 տոկոսը իրագործվի:

Նախ ասեմ՝ ինչու ենք դա արել, որովհետև ՀՀ առջև ծառացած մարտահրավերներն այնպիսին են, որ դա այն նվազագույն տնտեսական աճն է, որի պարագայում մենք կկարողանանք մեր անվտանգայինի և հումանիտար բոլոր հարցերը լուծել»:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես են դա անելու՝ Վահան Քերոբյանը մանրամասնեց՝ ունեն ծրագիր. այս համատեքստում նա թվարկեց անելիքները, որոնք ավելի շատ հիշեցնում էին սովորական բաժակաճառ.

«Իհարկե, մենք պետք է ամեն ինչ անենք, որ ներդրումային միջավայրը լավանա, մենք պետք է այնպես անենք, որ բյուրոկրատական բարիերները վերանան, մենք պետք է այնպես անենք, որպեսզի լուծենք այդ հարցերը»:

Լրագրողների մյուս հարցին՝ ինչպե՞ս են նշված աճն ապահովելու, եթե արտագաղթի միտումներ կան, և, որ նաև բազմաթիվ գործարարներ էին հայտարարել, թե իշխանությունների վերընտրվելու դեպքում՝ հեռանալու են երկրից, նա պատասխանեց. «Տնտեսվարողների 90 տոկոսն ինձ խոստովանում էին, որ, եթե հանկարծ իշխանափոխություն տեղի ունենա, ապա իրենք կարտագաղթեն:

Բայց ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ Հայաստանում եղած ամբողջ ներուժը համախմբենք՝ դա կլինի գործարար, մշակութային, կրթական և այլն, որովհետև մեր երկիրն այնքան փոքր է, ռեսուրսներն էլ այնքան քիչ են, որ մենք իրավունք չունենք մսխել այդ ռեսուրսները»:

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը սովորույթի ուժով նաև կոչ արեց բոլոր գործարարներին լծվել երկրի շենացման գործին՝ նկատելով. «Ես էլ իրենց տրամադրության տակ եմ, որպեսզի իրենց մոտ եղած բոլոր խնդիրները լուծվեն»:

Նա, սակայն, չժխտեց արտագաղթի միտումները՝ նկատելով. «Համաձայն եմ, որ արտագաղթ կա, որովհետև գիտեք, մարդիկ տարբեր են»:

Դիտարկմանը, թե Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ 4 ամսում շուրջ 70 հազար հոգի արտագաղթել է, Վ. Քերոբյանն արձագանեց.

«Այդտեղ պետք է հանենք սեզոնային աշխատողներին, և, ընդհանրապես, արտագաղթը պետք է տարեկան կտրվածքով հաշվվի, որպեզի ճիշտ պատկեր ունենանք: Բայց ես չեմ ժխտում, որ կա էդ միտումը, և, իհարկե, մարդկանց մի մասը հիասթափված է 44-օրյա պատերազմի արդյունքից»:

Լրագրողների հարցերին ի պատասխան՝ նախարարի պաշտոնակատարը, վերջիվերջո, համաձայնեց նաև, որ հիասթափություն գուցե կա նաև կառավարության աշխատանքից, սակայն չընդունեց նկատառումները, որ ՔՊ-ի վերընտրությունը նոր արտագաղթի պատճառ է դառնալու:

«Սա հայ ժողովրդի ընտրությունն է, և այդ ընտրությունը պետք է հարգվի:

Մենք ունենք աննախադեպ արդար, ժողովրդավարական ճանապարհով անցկացված խորհրդարանական ընտրություններ, և ընտրությունների այս ձևով անցկացնելը մեր ամենամեծ ձեռքբերումն է իրականում: Մենք ցեմենտեցինք, բետոնեցինք մեր ժողովրդավարության ճանապարհը»,- շեշտեց նախարարը՝ անուշադրության մատնելով ընտրախախտումների մասին լրագրողների դիտարկումները:

Ի պատասխան հարցին էլ, որ տարիներ շարունակ քննադատվել է խորհրդարանում խոշոր սեփականատերերի, բիզնեսմենների ներկայությունը, մինչդեռ ՔՊ ցուցակով պատգամավոր են դարձել՝ Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Վահան Քերոբյանն արձագանքեց, թե իրեն ինչո՞ւ հաշվի չեն առնում։

«Ես էլ եմ եղել բիզնեսմեն, բայց վերջին 7 ամսվա ընթացքում օրական միջինը աշխատել եմ 15 ժամ և դա արել եմ միայն իմ ժողովրդի համար»,- ասաց նա, ապա նկատեց, որ Խաչատուր Սուքիասյանին անձամբ չի ճանաչում, ճանաչում է Գուրգեն Արսենյանին։

«Գուրգեն Արսենյանը բացառիկ հայրենասեր մարդկանցից է, որին ես ճանաչում եմ, որի հետ իմ արժեքային համակարգն ամբողջությամբ սինխրոն է, և ես վստահ եմ, որ իր մասնակցությունը պետական կառավարմանը միայն օգուտ է տալու հայ ժողովրդին, և վստահ եմ 100 տոկոսով, որ ոչ մի օգուտ չի տալու իր բիզնեսին, որովհետև ինքն ինքնաբավ մարդ է և որևիցե լրացուցիչ փող աշխատելու կարիք բացարձակապես չունի. փողը երբեք առաջին նպատակ չի կարող լինել խոհեմ մարդկանց համար»:

Ի դեպ, Վահան Քերոբյանը նշեց, որ պատրաստ է ծառայել ժողովրդին, եթե այդ հնարավորությունը լինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս