«Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելը հանցագործություն է այն ժողովրդի նկատմամբ, որին խոստանում են պայծառ ապագա». Բժիշկ-թերապևտ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մելիքսեթյանի նախագահությամբ, հունիսի 23-ին բավարարեց ՀՔԾ-ի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:
168.am-ի հետ զրույցում բժիշկ-թերապևտ Լամարա Մանուկյանն անդրադառնալով Արմեն Չարչյանի կալանավորմանը՝ նշեց, որ նա՝ որպես մարդ, գործընկեր, մասնագետ, պարզապես անթերի անձնավորություն է։
«Ես չեմ կարծում, որ կարող է լինել մեկ մարդ, որն Արմեն Չարչյանի գործունեության, մարդ տեսակի հետ կապված՝ կարող է որևէ բիծ գտնել։ Էլ չեմ խոսում բժշկության ոլորտում որպես գիտնական՝ նրա ներդրման մասին, այդ թվում՝ կորոնավիրուսի, պատերազմի ժամանակ։ Ես այդ ձայնագրությունը լսել եմ, մարդը հորդորել է անպայման մասնակցել ընտրություններին, այս ամենի մեջ որևէ վատ բան չկա։ Այդ իշխանությունները, որ այդպես զինվորներին պարտադրելով՝ բերում էին ու ասում, որ պետք է ընտրեն ՔՊ-ին, նույնը՝ տարբեր հիմնարկներում, այդ թվում՝ ԲԿ-երում, այստեղից ու այնտեղից լսել եմ, որ իրենց հիմնարկներում պարտադրել են, որպեսզի ընտրեն ՔՊ-ին, հակառակ դեպքում` աշխատանքից կազատեն, աշխատավարձը կկրճատեն, և այլն։ Թող այս ամենը լինի ասեկոսե, բայց ես դրանց մասին լսել եմ։ Ստացվում է, որ այս ամենը հաշվի չեն առնում, բայց որ մարդն ասել է՝ գնացեք-ընտրեք, իրացրեք ձեր ընտրելու իրավունքը, նրան տանում-կալանավորում են։ Առհասարակ բժշկին ներգրավել այսպես կեղտոտ քաղաքական խաղերում, անընդունելի է, հիմա նրանք պղտոր ջրում ինչ-որ բան են փորձում փնտրել»,- նշեց Լամարա Մանուկյանը։
Ըստ նրա, Արմեն Չարչյանն ունի կյանքի մեծ փորձ, և նրա յուրաքանչյուր խոսք ասվում է դիվանագիտորեն, նույն կերպ նա վարվում է նաև իր հիվանդների հետ, գիտի՝ ինչ բառերով նրանց հույս տա, հետևաբար՝ չի կարծում, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավարն այդպես միամտորեն թակարդն ընկավ։
«Արմեն Չարչյանին կալանավորելն ուղղակի մեր հերթական հանցագործությունն է, սա հանցագործություն է բժշկական ոլորտի, Հայաստանի առողջապահության հանդեպ։ Արմեն Չարչյանն այն բժիշկն է, որն ամեն օր վիրահատում է, այլ ոչ թե նստած՝ ինչ-որ ադմինիստրատիվ գործեր անում, և այդ մարդը, որն անմիջապես գտնվում է բժշկական գործունեության մեջ, մի ամբողջ թիմ է կրթել, ու այսքանից հետո նրան պահել կալանքի տակ՝ հանցագործություն է այն ժողովրդի նկատմամբ, որին խոստանում են պայծառ ապագա։ Այսինքն՝ մարդը, որն այսօր պետք է վիրահատի և մարդկային կյանքեր փրկի, պահում են կալանքի տակ»,- հավելեց Լամարա Մանուկյանը։
Նա ընդգծեց, որ այն հիվանդությունը, որն այսօր ունի Արմեն Չարչյանը՝ իր ծանր աշխատանքի արդյունքն է։
«Ամենավատ ահաբեկիչը նույնիսկ թույլ է տալիս, որ բժիշկն օգնի մարդկանց, այսինքն՝ բժշկին ոչ մի տեղ չպետք է խոչընդոտեն, իսկ հիմա մենք խանգարում ենք նրա աշխատանքը, քանի որ ինչ-որ բառի համար կալանավորել են։ Նրան չի կարելի կեղտոտել այս կեղտոտ ջրերի մեջ, ես պարզապես շշմած եմ։
Երբ ինձ ապօրինի աշխատանքից հեռացրեցին, այս մասին որևէ մեկը չխոսեց, բայց դա իմ կյանքում որևէ բան չփոխեց, իմ հիվանդները շարունակում են ինձ դիմել, միևնույն է՝ իմ մարդկային ու մասնագիտական գործունեությունը շարունակում եմ։ Չարչյանին անազատության մեջ պահողները պետք է պատժվեն, թեև անիշխան երկրում, չեմ կարծում, որ այդ մարդիկ պատժվեն»,- եզրափակեց Լամարա Մանուկյանը։
Հիշեցնենք, Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել հունիսի 21-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: «Իզմիրլյան» ԲԿ ղեկավարին մեղադրանք առաջադրելու հիմքում ձայնագրությունն էր, որով վերջինս աշխատակիցներին «խնդրել, հորդորել, պահանջել» էր մասնակցել հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ հակառակ դեպքում խոստանալով կոշտ վերաբերմունք ցուցաբերել ընտրությանը չմասնակցած աշխատակիցների հանդեպ: Մեղադրանքում նշված է, թե Չարչյանը պարտադրել ու հարկադրել է աշխատակիցներին: