Brent-ը մինչև 75,29 դոլար թանկացել է ԱՄՆ-ում և Չինաստանում պաշարների նվազման ֆոնին

Նավթի գները հունիսի 24-ին բարձրանում են ԱՄՆ-ում եւ Չինաստանում էներգակիրների պաշարների նվազման ֆոնին։ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության զեկույցը, որը հրապարակվել է նախօրյակին, ցույց է տվել նավթի պաշարների կրճատումը երկրում՝ անընդմեջ հինգերորդ շաբաթվա արդյունքներով. սա հունվարից ի վեր անկման ամենաերկար ժամանակաշրջանն է: Միացյալ Նահանգներում նավթի պաշարները մեկ շաբաթում նվազել են 7,6 մլն բարելով՝ հասնելով 459,1 մլն բարելի՝ 2020 թվականի մարտից ի վեր նվազագույնին:

Փորձագետները, որոնք մասնակցել են S&P Global Platts-ի հարցմանը, միջին հաշվով սպասում էին 6,3 մլն բարելով նվազման: «ԱՄՆ-ում պաշարների կրճատման ընթացքը ցույց է տալիս ամերիկյան տնտեսության վերականգման կայունությունը, բայց նաեւ առաջին պլան է բերում ոչ բավարար արդյունահանման խնդիրը»,- MarketWatch-ը մեջբերում է The Price Futures Group-ի վերլուծաբան Ֆիլ Ֆլինի խոսքը:

Նավթի պաշարները Չինաստանում, Kayross վերլուծական ընկերության տվյալներով, գտնվում են ընթացիկ տարվա սկզբից ի վեր նվազագույն մակարդակի վրա: Brent մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE Futures սակարանում հունիսի 24-ին Երեւանի ժամանակով 09:10-ի դրությամբ կազմում է բարելի դիմաց 75,29 դոլար, ինչը 0,1 դոլարով (0,13 տոկոս) բարձր է նախորդ նստաշրջանի փակման դրությամբ արձանագրված գնից: Հունիսի 23-ի սակարկությունների արդյունքներով այդ պարտավորագրերը թանկացել են 0,38 դոլարով (0,5 տոկոս)՝ հասնելով բարելի դիմաց 75,19 դոլարի, նստաշրջանի ընթացքում գինը 2018 թվականի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ բարձրացել է 76 դոլարի նշագծից բարձր մակարդակ:

WTI մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային սակարաններում այդ ժամանակվա դրությամբ բարելի դիմաց կազմում է 73,19 դոլար, ինչը 0,11 դոլարով (0,15 տոկոս) բարձր է նախորդ նստաշրջանի ամփոփիչ ցուցանիշից: Նախօրյակին այդ պարտավորագրերի արժեքը ավելացել է 0,23 դոլարով (0,3 տոկոս)՝ բարելի դիմաց մինչեւ 73,08 դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս