
ՀՀ առողջապահության նախարարությունը բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատանքի կազմակերպման խորհուրդներ է տալիս

Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի առնչությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները հիմնված են աշխատավայրերում առկա ջերմաստիճանի վրա և սահմանված են ՀՀ Աշխատանքային օրենսգրքով:
Այն դեպքերում, երբ աշխատատեղերում, աշխատանքի բնույթից կախված, հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ (օդի լավորակում), հատկապես ծանր ֆիզիկական և լարված մտավոր աշխատանքի պարագայում, առողջության պահպանման նպատակով առողջապահության նախարարությունը կոչ է անում բոլոր գործատուներին.
Աշխատողներին տրամադրել հովանալու և հանգստանալու հնարավորություն։
Ապահովել բարձր ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանվելու միջոցներ` գլխարկներ, բաց գույնի, բնական նյութերից, օդափոխությունն ապահովող արտահագուստ, ստվեր առաջացնող հովանոցներ, ակնոց և այլն։
Ապահովել բարձր ջերմաստիճանի ազդեցությունը մեղմելու համար անհրաժեշտ պայմանների առկայություն` խմելու ջրի, թանի։ հանքային ջրի, լվացվելու միջոցով հովանալու հնարավորություն։
Բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատանքային ռեժիմի փոփոխություն` աշխատանքի կատարումը, հատկապես առավել ծանր և լարված, նախատեսել օրվա զով ժամերին և աշխատանքի երկարատև ընդմիջում` օրվա շոգ ժամերին: