Փաշինյանը Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ հարաբերությունները փոխելու մանդատ է ստացել. քաղաքագետ
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների ԿԸՀ ամփոփման համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրության մասնակիցների կեսից ավելիի քվեն, ինչը բավականաչափ ուրախացրել է ադրբեջանաթուրքական կողմին: Անգամ պետական ԶԼՄ-ներն են դրա մասին խմբագրականներ հրապարակում:
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ Փաշինյանի գլխավորած ուժի՝ իշխանության ղեկը կրկին ստանալը փաստում է, որ Փաշինյանը շարունակելու է իրականացնել այն ամենը, ինչ ցանկանում է Ադրբեջանը, ու նրան այս հարցում ոչ ոք խանգարել չի կարողանա:
«Առաջին հերթին՝ կան շատ լուրջ վտանգներ Տավուշի և Գեղարքունիքի սահմանագոտու համար, որովհետև դա վաղուց էր քննարկվում: Միքայել Մինասյանը փաստաթուղթ էր հրապարակել, հետո Փաշինյանն ասաց, թե դա 100% հայանպաստ է, բայց իրականում ենթադրում եմ, որ դա ոչ հայանպաստ էր, և այսպիսով այդ փաստաթղթով հայկական սահմանագիծը, ներառյալ՝ այդ երկու հատվածները, հանձնվում են Ադրբեջանին՝ դիմացը ոչ մի բան չստանալով, կամ գուցե գերիներին կվերադարձնեն: Բայց էլի պետք է հաշվի առնեինք, որ գերիների վերադարձն ամեն դեպքում պայմանավորված է եռակողմ հայտարարությամբ, այսինքն՝ Ադրբեջանն ուզում է նույն կետը բոլոր պայմանագրերի մեջ մտցնի ու Հայաստանի կողմից միակողմանի զիջումներ պահանջի: Եվ այս իշխանությունները մեծ հաշվով դա իրագործելու են և (ընտրությունների,- Ա.Հ.) արդյունքներից հետո շատ դժվար է ակնկալել, որ որևէ բան նրանց կկարողանա խանգարել: Նույնիսկ քաղաքացիական գիտակցությունը կամ ընդդիմադիր կուսակցությունները ի վիճակի չեն լինելու խանգարել:
Երկրորդ՝ քաղաքականությունը մեծ հաշվով բոլոր ուղղություններով կշարունակվի այն կերպ, ինչ եղել է այս երեք տարվա ընթացքում: Նաև արտաքին քաղաքականության ուղղությամբ էլի, այսպես ասած, ռուսական ուղղվածությամբ քաղաքականություն կիրականացվի, որը կարող է նույնիսկ արագացնել, սակայն այստեղ մի քիչ դժվար է վերլուծել, որովհետև իրականում սա կախված է ոչ միայն Հայաստանի իշխանությունների քաղաքական գծից, այլ նաև աշխարհաքաղաքական փոփոխություններից, որոնք տեղի են ունենում՝ անկախ իրենց կամքից: Օրինակ՝ ԵՄ, Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան հարաբերություններից շատ բան է կախված, որն այլ հարց է:
Երրորդը, որը պետք է ակնկալել, այն է, որ այս պահի դրությամբ Փաշինյանն ունի ամենալավ դիրքը վերջին երեք տարվա ընթացքում: Նա կարողացել է փակել, գոնե հիմնականում, Արցախի հարցը: Նա ստացել է մանդատ, որպեսզի ինչ ուզում է՝ անի, և դա իրագործում է: Հիմա այս իրագործելու մեջ ենթադրվում է նաև, որ նա փորձելու է այնպիսի ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնել, այնպիսի կադրային քաղաքականություն իրականացնել, որն ինքը վաղուց ուզում էր և չէր կարողանում: Հիմա կկարողանա: Նաև ֆինանսական հոսքերի նկատմամբ նա ավելի հստակ վերահսկողություն կհաստատի, սա էլ պետք է հաշվի առնել, և հիմնականում ինքը կշարունակի երկրի արմատական փոփոխությունները՝ սոցիալական կազմը և այլն, այն ուղղությամբ, որը Փաշինյանի, ՔՊ-ի և նրանց նման ուժերի օրակարգի մեջ է մտնում: Այսպիսով, ուղղակի կարող եմ ասել, որ այն քաղաքականությունը, որը եղել է մինչև այս, կշարունակվի, բայց շատ ավելի վստահ կերպով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով այսօր առավոտյան ԳՇ պետ Արտակ Դավթյանի հայտարարությանը, թե Գեղարքունիքի հատվածում ռուս խաղաղապահներ են տեղակայվելու, պարզապես սպասում են այժմ Ադրբեջանի համաձայնությանը՝ Հրանտ Միքայելյանը նշեց, որ այս կերպ մենք հրաժարվում ենք մեր ինքնիշխանությունից:
«Ստացվում է հետևյալը. այս պահի դրությամբ ստացվում է, որ Հայաստանը հրաժարվում է իր սահմանները պաշտպանելուց: Այսինքն՝ հրաժարվում է իր ինքնուրույնությունից, հրաժարվում է սուվերենությունից, ինքնիշխանությունից: Այսինքն, այդքան տարիներ ինքնիշխանության մասին խոսելով՝ սրանք արեցին հակառակը, որը ակնկալելի էր, որովհետև իշխանությունը պետականության գաղափարն է, այլ ոչ թե ուղղակի, այսպես ասած, Ռուսաստանից հեռանալու գաղափար, որը տրամաբանորեն իրենց մոտ հակառակ ձևով ստացվեց: Ինչքան Ռուսաստանից հեռանալու գաղափարի մասին է խոսվում, այնքան Ռուսաստանը մտնում է և արմատավորվում է: Սա առաջին կոմպոնենտն է:
Երկրորդը հետևյալն է՝ ո՞ր գծում պետք է ռուսները կանգնեն: Սա նշանակում է, որ, այո՛, կան շատ լուրջ մտավախություններ դիրքերը խորհրդային սահմաններին բերելու, և այդ կերպ այս հարցը էլի ոչ հայկական կողմի օգտին լուծելու: Ստացվում է, որ սահմանագիծը մի քանի տասնյակ կամ հարյուրից ավելի կմ քառակուսիի չափով հանձնել Ադրբեջանին, և այդտեղ արդեն կտեղակայվեն ռուս սահմանապահները:
Եվ երրորդ, որը պետք է միշտ հասկանալ՝ ինքնիշխանությունը զիջելով՝ մենք չենք կարող երկարատև որևէ հարցի լուծում ակնկալել: Ենթադրենք՝ այսօր Ռուսաստանն այդտեղ կանգնած է, իսկ վաղը Ռուսաստանում փոփոխություններ են տեղի ունեցել, Ռուսաստանի դիրքորոշումն է փոխվել, Ռուսաստանում իշխանություն է փոխվել կամ հազար ու մի բան, և ռուսներն այդտեղից դուրս են գալիս, իսկ մենք այդտեղ ուժեր չունենք, որոնք պահում են մեր սահմանը, ի՞նչ ենք անելու: Այսինքն՝ այդ սահմանը ձևավորվել էր լավագույնս՝ հայկական կողմի պաշտպանության տեսանկյունից, նույնքան, ինչքան արցախյան սահմանը, իսկ Ադրբեջանը փորձում է այդ բոլոր հարցերը լուծել, կոտրել հայկական սահմանագիծը, որը գծվել է դեռ 1990-ականների սկզբին և թույլ է տալիս, որպեսզի Հայաստանը նվազ ուժերով ապահովեր իր անվտանգությունը և թույլ չտար, որպեսզի Ադրբեջանը ինչ ուզենա, անի: Հիմա Ադրբեջանը դրան էլ հասավ: Այս իշխանությունը երևի ի վիճակի չէ դա էլ հասկանալ: Եվ այսպիսով տեսնում ենք, որ այս հարցերը վերջին հաշվով լուծվում են Ադրբեջանի ճնշմամբ, նրա համար ձեռնտու ուղղությամբ»,- ընդգծեց Հրանտ Միքայելյանը:
Որ Փաշինյանի իշխանությունը կարող է հարևան երկրների հետ հարաբերություններում արմատական փոփոխություններ կատարելու փորձ կատարել, քաղաքագետը չի բացառում, միևնույն ժամանակ՝ վստահ է, որ դա որևէ լուրջ բանի չի հանգեցնի:
«Հարևան երկրների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի, Իրանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվել: Փաշինյանը երբ ասում է՝ «մենք թշնամանք չանենք, և իրենք էլ չեն անի», դրանով ստացվում է, որ հայ-թուրքական հակամարտությունը առհասարակ ծնվել է հայկական կողմի նախաձեռնությամբ: Այսինքն՝ մենք ենք ստեղծել այս հակամարտությունը, որն ակնհայտորեն սխալ է: Այսպես ասած, տասնամյակներով այս կեղծ գաղափարները նետվել են դաշտ և հիմա արդեն դարձել են պետական քաղաքականություն: Իհարկե, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մենք ընդհանրապես չենք տեսնում որևէ քայլ, և դա ամբողջությամբ ակնկալելի էր ի սկզբանե: Թուրքիան ու Ադրբեջանը հայատյացության քաղաքականությունն են շարունակում ամեն օր, հայկական հուշարձաններն են ոչնչացնում, և որևէ փոփոխություն այս առումով ես չեմ ակնկալում: Այսինքն, այո, գուցե եթե իրենք ստանան ամեն ինչ սահմանում, սկսեն ներմուծել ամեն ինչ Հայաստան, և դա ներկայացվի՝ իբր հայ-թուրքական սահմանի բացում, և այլն, բայց սա ևս հայ գյուղացուն, հայ արդյունաբերողին կամ առհասարակ քաղաքացիներին որևէ օգուտ չի տալու: Գուցե որոշ առևտրականներին օգուտ կտա, դրանց ազգանուններն էլ լավ գիտենք, բայց այստեղ հարցը ուրիշ է: Այսինքն, երկրարատև առումով Հայաստանի շահերն ինչքանո՞վ են պահպանված:
Ինչ վերաբերում է Վրաստանին և Իրանին, Հայաստանի շահերն այդ երկրների ուղղությամբ և նրանց շահերը մեծ հաշվով հայտնի են, և քանի որ այդ շահերը հայտնի են, և քանի որ իշխանափոխությամբ ոչ մի փոփոխություն իրականում տեղի չի ունեցել, այս շահերի տեսանկյունից և արտաքին քաղաքական դասավորվածության տեսանկյունից՝ այստեղ էլ շատ կոշտ փոփոխություն չի լինելու:
Փոփոխություն լինելու է հիմնականում Թուրքիայի ու Ադրբեջանի ուղղությամբ, այո՛, Փաշինյանը ստացել է մանդատ այս փոփոխությունն իրագործելու և դա կփորձի անել: Բայց Վրաստանի ու Իրանի նկատմամբ դա չի ստացվի»,- նշեց մեր զրուցակիցը: