ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի արդարագույն ֆիասկոն
Արդեն պատմություն դարձած խորհրդարանական ընտրությունները տվեցին շատ հարցերի պատասխաններ ու ամեն ինչ դրեցին իրենց տեղը, ցրեցին միֆեր ու տիեզերական արդարության բռունցքով նոկաուտի ենթարկեցին քվեարկությանը մասնակցած մոտ 32% ՀՀ քաղաքացիների:
Արդա՞ր է, այո, ճի՞շտ է, ոչ…
Այդ 32 %-ից 5.18 %-ը «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) և «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունների ընտրողներն են՝ միասին վերցրած:
Եթե ավելի կենցաղային լեզվով ասենք, ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն այս Խորհրդարանում ներկայացված չեն լինի, և սա ամենաարդար բանն է, որ տեղի ունեցավ այս ընտրությունների արդյունքում:
Երբ նոյեմբերի 9-ին հաջորդող հասարակական ցնցումների արդյունքում Նիկոլ Փաշինյանն օրակարգ բերեց արտահերթ ընտրությունների գնալու օրակարգը, միակ քաղաքական միավորը, որը կատեգորիկ կերպով դեմ էր դրան, Հայաստանի հանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) էր, ով պնդում էր, որ նախ՝ չի կարելի պատերազմից հետո քայքայված բարոյահոգեբանական մթնոլորտում ընտրություններ անցկացնել, ու բացի դրանից, Նիկոլ Փաշինյանի օրակարգով շարժվելը կործանարար կլինի հենց այդ ընտրությունների ելքի առումով՝ այդ թվում: Միևնույն ժամանակ մշտապես երրորդ ճանապարհով գնացող «Լուսավոր Հայաստանը», ի դեմս իր առաջնորդի, անդադար շեշտում էր՝ այս քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:
Թե ինչ էր հաշվարկել ԼՀԿ-ն ու ինչ պիտի ստանար այդ ընտրությունների արդյունքում, թերևս, կարող է ասել միայն Էդմոն Մարուքյանը: Բայց ԼՀԿ ղեկավարը, թերևս, սխալվել էր իր հաշվարկներում, մոռացել, որ հիմա 2018 թվականը չի, որ ըստ քաղաքական դաշտում համառորեն պտտվող լուրերի, Նիկոլ Փաշինյանն իր անթիվ-անհամար էլեկտորատից իրեն բաժին հանի:
ԼՀԿ-ի այս գիծը կուլիսային ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում սկսեց պաշտպանել նաև «Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող ԲՀԿ-ն, որը նախ հերքում էր իր այդ մտադրությունը, անգամ մի անգամ մերժեց Նիկոլ Փաշինյանին, հետո արդեն ասաց, որ դեմ չէ արտահերթի անցկացմանը, իսկ «Հայրենիքի փրկության շարժման» մարմանը զուգընթաց՝ արդեն բացեիբաց սկսեց պայմանավորվել Նիկոլ Փաշինյանի հետ, ինչից հետո վերջինս հայտարարեց արտահերթ ընտրությունների անցկացման օրը:
ԲՀԿ-ի պարագայում, ըստ էության, Գագիկ Ծառուկյանը երևի թե վստահ էր գոնե անցողիկ շեմը հանգիստ, երաշխավորված հաղթահարելու հարցում, ու ամեն բան կընթանար իր հունով՝ պատգամավորական անձեռնմխելիություն և կայուն բիզնես գործունեության ծավալում իր համար հանգիստ, անցնցում պայմաններում:
Կարելի է, իհարկե, հիմա ասել, որ Ռոբերտ Քոչարյանը նույնպես կողմ է եղել արտահերթ ընտրությունների անցկացմանը, բայց նրա գլխավորած քաղաքական միավորը խորհրդարանական ուժ չէր, որ ինչ-որ հարց լուծեր, իսկ Նիկոլ Փաշինյանը բանակցում էր խորհրդարանական ուժերի հետ:
Ի վերջո, Խորհրդարանը ցրվել է ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի որոշման ու գործողությունների արդյունքում, իսկ արտահերթ ընտրություններ հնարավոր էր անցկացնել միայն լուծարված Խորհրդարան ունենալուց հետո:
Բացի դրանից, այս կամ այն դեպքում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժը երկրորդ խորհրդարանական ուժն է, և վստահաբար Նիկոլ Փաշինյանին հեշտ կյանք չի սպասվում Ազգային ժողովում, որովհետև ակնհայտ է, որ «Հայաստան» դաշինքն այնպիսի ընդդիմություն չի լինելու, ինչպիսին ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն էին:
Ամեն ինչ արդար է, այսպես է լինում, երբ խաղում ես մեկի օրակարգով, ով մշտապես «գցում է», իսկ դու շարունակում ես հավատալ, որ հենց քեզ հետ է նա առավելագույնս ազնիվ լինելու:
Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ այս ընտրություններին կատեգորիկ դեմ միակ ուժը ՀՀԿ-ն էր, ով այս գործընթացի մեջ մտավ ամենավերջում և ստիպված, երբ արդեն այլ ելք չուներ: