Գևորգ Աճեմյանին քաղաքական դրդապատճառներով զրկեցին Երևանի ավագանու մանդատից
Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ հերթական հարցերից մեկով «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը ներկայացրեց իր և իր 5 գործընկերների նախագիծը, որով առաջարկում էին մանդատից զրկել իրենց խմբակցության մեկ այլ անդամի՝ Գևորգ Աճեմյանին:
168.am-ն ավելի վաղ գրել էր, որ նախագծի հեղինակները վստահեցնում են, թե Աճեմյանը մանդատը ստանալու օրվանից՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ից, չի մասնակցել ավագանու հերթական որևէ նիստի, ընդգրկված չէ որևէ մշտական հանձնաժողովում: Պարզվեց, որ այս նախագծի համար հիմք են հանդիսացել այլ պատճառներ ևս:
«Նախագիծն ունի նաև քաղաքական մաս: Կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, թե ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել այս որոշումն ընդունելու, վստահ եմ, բոլորիս համար էլ անընդունելի վարքագիծ է անձնական շահերի սպասարկման ակնկալիքները չբավարարելու պատճառով սեփական արդեն նախկին թիմակիցներին պախարակելու գործելաոճը, չնայած երևույթը քննադատելի է, բայց ավելի մանրամասն անդրադառնալու կարիք չեմ տեսնում»,- ասաց Գալջյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը հետաքրքրվեց, թե ի՞նչն է առաջնահերթ եղել՝ օրե՞նքը, թե՞ քաղաքական նպատակահարմարությունը:
«Ձեր խմբակցությունում ևս կան ավագանու անդամներ, որոնք ոչ թե 3-4 նիստի, այլ երևի 6-7 նիստի չեն եկել և չեն մասնակցել: Մենք կառուցում ենք օրենքի՞ երկիր, թե՞ քաղաքական նպատակահարմարության»,- հարցրեց Մանրիկյանը:
Արմեն Գալջյանը պատասխանեց, որ քանի որ ինքը սկզբում ընթերցել է իրավական մասը, ապա իրավական մասն առավել առաջնային է:
«Ինչ վերաբերում է մյուս ավագանու անդամներին, որոնք բացակայել են օրենքով սահմանված շեմից ավելի, կարծում եմ, պետք չէ նույնականացնել դեպքերը, որովհետև տվյալ անձնավորությունն անգամ չի բնակվում Հայաստանի Հանրապետությունում և անգամ ֆիզիկապես չի կարող իրականացնել ավագանու անդամի պարտականությունները, իսկ այլ անձիք բնակվում են Երևան քաղաքում և անհրաժեշտության դեպքում իրացնում են իրենց լիազորությունները»,- ասաց Գալջյանը:
«Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը անընդունելի համարեց քաղաքական նպատակահարմարությամբ ավագանու անդամին լիազորություններից զրկելը:
«Ավագանու նիստերի դահլիճը չի կարելի սեփական հաշվեհարդարների հարթակի վերածել, հայտարարության այդ մասն անընդունելի եմ համարում: Մի հարց եմ ուզում տալ՝ հանձնաժողովը կապվե՞լ է Գևորգ Աճեմյանի հետ և ճշտել՝ նա մտադրություն ունի՞ գալ Հայաստան, թե՞ ոչ, կա՞ արդյոք ավագանու անդամի կարծիքը, քանի որ այդ մանդատը ամեն դեպքում երևանցին է տվել»,- հետաքրքրվեց Աբգարյանը:
«Քանի որ տվյալ անձնավորությունը հայտարարել է, որ դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից, հետևաբար, ես կամ որևէ մեկը մեզ վրա պարտավորություն չենք վերցրել իր հետ կապվելու, մնացած մասով, տիկին Աբգարյան, սա քաղաքական մարմին է, և շատ բնական է, որ քաղաքական որոշումներ էլ են կայացվում»,- պատասխանեց Գալջյանը:
«Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած մեկ այլ ավագանու անդամ՝ Էռնեստ Ավանեսովը, հիշեցրեց, որ «Իմ քայլում» խոսում էին ներքին ընդդիմության դրական կողմերի մասին: Նա նաև հարցրեց, թե ի՞նչ չափորոշիչներով են որոշում՝ ավագանու անդամի հայտարարությունը վիրավորո՞ւմ է քաղաքական թիմին, թե՞ ոչ:
«Քանի գնում, ինչ-որ երևույթներ են լինում, ամեն անգամ ասում ես, որ էլ չես զարմանա, բայց անընդհատ զարմանալու տեղիք եք տալիս: Որտե՞ղ է այդ չափանիշը, ո՞վ է որոշում՝ դա նեղացնո՞ւմ է քաղաքական ուժին, վարկաբեկո՞ւմ է քաղաքական ուժին, թե՞ գուցե օգնում է ու սխալներն է ցույց տալիս»,- հարցրեց Ավանեսովը:
«Ձեր նկարագրած երևույթն ընդունելի է, բայց այն, ինչ տեղի է ունեցել տվյալ անձի կողմից՝ այդ վերաբերմունքը, բառամթերքը, չի տեղավորվում Ձեր նկարագած երևույթի մեջ»,- պատասխանեց Գալջյանը:
Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հիշեցրեց, որ Երևանի ՏԻՄ օրենքում հստակ նշված են հիմքերը, որով պետք է տեղի ունենա ավագանու անդամի մանդատի լիազորությունների դադարեցումը:
«Այդ հիմքերի մեջ Ձեր քաղաքական նախասիրությունները, հատկապես ավտորիտար բնույթի նախասիրությունները չեն տեղավորվում։ Այսինքն՝ տվյալ անձը ստացել է ավագանու մանդատ և չի ներկայանում, ինչպես չեն ներկայանում ձեր խմբակցության շատ այլ գործընկերներ, որոնց մի մասի դեմքն արդեն մոռացել ենք, մյուս մասին, թերևս, չենք էլ ճանաչել»,- ասաց Խաժակյանը և հետաքրքրվեց՝ մի՞թե ավելի անհարգալից չէ, երբ ավագանու անդամը գտնվում է Հայաստանում և չի ներկայանում նիստերին:
37 կողմ, 5 դեմ, 2 ձեռնպահ ձայներով Գևորգ Աճեմյանը զրկվեց մանդատից: