
Բելլա Քոչարյանին ընտրատեղամասում դիմավորեցին ծաղկեփնջով. ինչո՞ւ անտեսվեց Աննա Հակոբյանը

Ընտրական օրվա առաջին կեսին իրենց քաղաքացիական պարտքը կատարեցին թե ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Քոչարյանն ու Փաշինյանը քվեարկությանը մասնակցեցին կանանց, Փաշինյանի դեպքում՝ նաև երեխաների ուղեկցությամբ:
Ուշագրավն այն է, որ պաշտոնաթող նախագահ Քոչարյանի տիկինը՝ Բելլա Քոչարյանը, ով ընտրություն կատարեց Երևանի 7/3 ընտրական տեղամասում, ընտրատեղամաս մուտք գործելուն պես առանձնահատուկ ուշադրության, հարգանքի արժանացավ, ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը նրան նաև ծաղկեփունջ նվիրեց: Սա չի վրիպել նաև համացանցային օգտատերերի ուշադրությունից՝ հատկապես Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին ցուցաբերված ընդունելության ֆոնին:
Աննա Հակոբյանը, որպես պետության ղեկավարի տիկին՝ առանձնահատուկ ընդունելության, վերաբերմունքի չարժանացավ 8/16 ընտրատեղամասում, որտեղ ընտրություն կատարեց ըստ էության նրա ողջ ընտանիքը:
Ընդունված է ՀՀ առաջին տիկնոջը նման առիթների շրջանակում ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքը համարել հարգանքի դրսևորում երկրի ղեկավարի ընտանիքի հանդեպ: Նախկինում նման ընդունելությունների ՀՀ առաջին, ինչպես նաև նախկին տիկինները հաճախ են արժանացել: