Բաժիններ՝

Քննչական կոմիտեի ղեկավարի դոկտորական թեզը գրված է ռուսերենով, թեման հաստատված՝ ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի կողմից

Հունիսի 11-ին 168.amտեղեկացրել էր, որ Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը դոկտորական ատենախոսություն կպաշտպանի Սլավոնական համալսարանում:

Մեզ տեղեկացրել էին, որ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Իրավագիտության ֆակուլտետը մերժել է կազմակերպել Հայկ Գրիգորյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունն այն պատճառաբանությամբ, որ առարկան, որի շրջանակներում ՔԿ ղեկավարը պատրաստվում է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան ստանալ, չի դասավանդվում ԵՊՀ-ում:

Դոկտորական ատենախոսության թեմայի, դրա հետ կապված մանրամասների համար դիմել էինք ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանին, ով հաստատել էր մեր տեղեկությունը ու խորհուրդ տվել մնացած հարցերի պատասխանները ստանալ Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) կայքից՝ հունիսի 15-ին՝ պաշտպանության օրը:

Մասնավորապես, մեզ հետաքրքիր էր՝ ո՞վ է Հայկ Գրիգորյանի գիտական ղեկավարը, ովքե՞ր են նրա ընդդիմախոսները, ի՞նչ լեզվով է գրված ատենախոսությունը:

Իսկ թե ինչո՞ւ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում չի կազմակերպվել Հայկ Գրիգորյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը, ՔԿ խոսնակը պատասխանել էր՝ այդպես է որոշել ԲՈԿ-ը:

Հայկ Գրիգորյանի պաշտպանությունը կայացավ, հավանաբար նա կդառնա իրավաբանական գիտությունների դոկտոր, իսկ մնացած մանրամասներին ծանոթացանք ԲՈԿ կայքում:

ՔԿ նախագահի դոկտորական ատենախոսության թեման է՝ «Զինված հակամարտության կողմերի կատարած պատերազմական հանցագործությունների քննության միջազգային-իրավական և կազմակերպական հիմքերը», գիտական ղեկավարը՝ Ս. Մալիկովը:

Ատենախոսությունը գրված է ռուսերենով, թեման հաստատած կազմակերպությունը՝ ՌԴ ՊՆ ռազմական համալսարանը:

Թեզի ընդդիմախոսներն են Ռուբեն Քալամքարյանը, Վոլոդյա Հովհաննիսյանն ու Վահե Ենգիբարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս