Բաժիններ՝

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հունիսի 15-ին դոկտորական ատենախոսություն կպաշտպանի… Սլավոնական համալսարանում

168.am-ի տեղեկություններով՝  հունիսի 15-ին տեղի կունենա ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը: Մեզ ասացին, որ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Իրավագիտության ֆակուլտետը մերժել է կազմակերպել Հայկ Գրիգորյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունն այն պատճառաբանությամբ, որ առարկան, որի շրջանակներում ՔԿ ղեկավարը պատրաստվում է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան ստանալ, չի դասավանդվում ԵՊՀ-ում:

Մեր տեղեկություններով՝ Հայկ Գրիգորյանի դոկտորական ատենախոսության թեման է՝ «Военное право», նշեցին նաև, որ ատենախոսության սկզբնական տարբերակը եղել է ռուսերենով գրված, իսկ թե հիմա ո՞ր լեզվով է այն պաշտպանելու ՔԿ նախագահը, պարզ կլինի հունիսի 15-ին:

Վստահաբար Սլավոնական համալսարանը  հավուր պատշաճի կկազմակերպի Հայկ Գրիգորյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը, իսկ մինչ այդ գովելի է, իհարկե, որ Քննչական կոմիտեն քաղաքական հաշվեհարդարների գործիք դարձրած անձը, ով այդ գործում իրեն աջակցելու համար Երևանի քննչական վարչության պետ նշանակեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Ջհանգիրյանի փեսային՝ Անրի Վարդանյանին, ժամանակ է գտնում իր հիմնական զբաղմունքից զատ՝ նաև գիտությամբ զբաղվել:

Ի դեպ, խոսքը նույն Գագիկ Ջհանգիրյանի մասին է, ում Հայ ազգային կոնգրեսից (ՀԱԿ) «թռչելու» և Նիկոլ Փաշինյանին երդում տալու վերաբերյալ այսօր Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ սովորական ճամբարափոխություն է, առնետավազք:

168.am-ի հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը հաստատեց հունիսի 15-ին ՔԿ նախագահի՝ դոկտորական ատենախոսություն պաշտպանելու վերաբերյալ մեր տեղեկությունը, այլ հարցերի, սակայն, չպատասխանեց՝ նշելով, որ մեր բոլոր հարցերի պատասխանները հունիսի 15-ին հասանելի կլինեն Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) կայքում:

Մասնավորապես, մեզ հետաքրքիր էր՝ ով է Հայկ Գրիգորյանի գիտական ղեկավարը, ովքեր են նրա ընդդիմախոսները, ի՞նչ լեզվով է գրված ատենախոսությունը:

Իսկ թե ինչո՞ւ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում չի կազմակերպվել Հայկ Գրիգորյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը, ՔԿ խոսնակը պատասխանեց՝ այդպես է որոշել ԲՈԿ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս