Բաժիններ՝

Տևական երաշտը խաթարել է խոտաբույսերի, հացահատիկի, այլ մշակաբույսերի բնականոն աճը

Գեղարքունիքի մարզում ավելի քան մեկ ամիս տեւած ու շարունակվող երաշտը խաթարել է ինչպես բնական կամ ցանովի խոտի, այնպես էլ հացահատիկային ու բանջարաբոստանային մշակաբույսերի բնականոն աճը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենի տեղակալ Հայկ Սհոյանը, տեւական երաշտն արդեն էական վնասներ է հասցրել տնտեսություններին ու թողել է էական բացասական հետեւանքներ։

«Անմխիթար, ծանր վիճակ է սպասվում անասնակերի կուտակման առումով։ Ցանովի եւ բնական խոտհարքերում աճ գրեթե տեղի չի ունեցել, շարունակվող երաշտի պայմաններում, եղածն էլ չորանում-թափվում է, արոտներում ավելի շատ են չոր, քան թե կանաչ տարածքները, ինչը խնդիրներ է առաջացնում նաեւ անասունների արածեցման առումով։ Հացահատիկի աճը կանգնած է, տուժել են ինչպես աշնանացան ցորենի, այնպես էլ գարնանացան գարու արտերը, որոնց մեծ մասը մարդիկ ստիպված կլինեն հնձել որպես անասնակեր։ Բանջարաբոստանային մշակաբույսերի՝ կարտոֆիլի, կաղամբի, լոբու, սխտորի ցանքերում եւս բույսերի բնականոն աճ ու զարգացում տեղի չի ունենում, քանի որ հողի մեջ խոնավություն բացարձակապես չկա։

Ստեղծված իրավիճակում ելքը մեկն է՝ ոռոգումը, որով հնարավոր կլինի ինչ-որ կերպ շտկել իրավիճակը։ Վարդենիսի եւ Մարտունու տարածքներում շատ տնտեսություններ, որտեղ հնարավոր է եղել ոռոգման ջուր մատակարարել, ոռոգել են իրենց հացահատիկի արտերը։ Մենք արդեն շահագործման ենք պատրաստել պոմպակայանները, ինքնահոս ոռոգման համակարգերը եւ պահանջի դեպքում պատրաստ ենք ջուր մատակարարել տնտեսություններին»,- ասաց Հայկ Սհոյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս