Թուրք մարզիկը պատմել է, թե ինչպես է Անկարան արտերկրում թիրախավորում Թուրքիայից հեռացած այլախոհներին
ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի «Փորթլենդ» թիմի խաղացող, ազգությամբ թուրք Էնես Քանթերը «Վաշինգտոն փոստ»-ում գրած հոդվածում անդրադարձել է թուրքական հատուկ ծառայությունների կողմից այլ երկրներ մեկնած թուրք այլախոհների թիրախավորմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Քանթերը, որին թուրքական իշխանությունները համարում են Թուրքիայում 2016-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի մտերիմներից մեկը, գրում է, որ վերջին տարիներին Թուրքիայի հետախուզական ծառայությունը (MİT) արտասահմանում իրականացրած հատուկ օպերացիաների ընթացքում ձերբակալել ու Թուրքիա է տեղափոխել բազմաթիվ թուրք այլախոհների ու ընդդիմադիրների: Վերջին դեպքը տեղի է ունեցել Ղազախստանում, որտեղ ըստ պնդումների, MİT-ի աշխատակիցները առևանգել (ձերբակալել) են Գյուլենի գաղափարակից Օրհան Ինանդըին, ով տարիներ առաջ հաստատվել էր այդ երկրում ու կրթական գործունեություն էր իրականացնում (Տեղեկություններ կան, որ Ինանդըն պահվում է Ղազախստանում Թուրքիայի դեսպանատանը): Այս դեպքն էլ Քանթերի համար առիթ է դարձել բարձրաձայնելու թեմայի մասին:
Թուրք մարզիկը պատմել է, որ ավելի վաղ ինքը ևս թիրախավորվել է թուրքական հատուկ ծառայությունների կողմից, սակայն վերջին պահին կարողացել է խուսափել առևանգումից: Ըստ Քանթերի՝ դա տեղի է ունեցել 2017-ին, երբ ինքը մի քանի օրով գտնվում էր Ինդոնեզիայում: Լուր ստանալով, որ MİT-ի աշխատակիցները ցանկանում են առևանգել իրեն՝ հասցրել հապճեպ հեռանալ այդ երկրից ու ինքնաթիռով մեկնել Սինգապուր, ապա՝ Ռումինիա: Նրա խոսքով, երբ Թուրքիայում հասկացել են, որ չի ստացվել իրեն «փախցնելու» պլանը, չեղարկել են իր անձնագիրը, ինչի հետևանքով որոշ ժամանակ չի կարողացել մեկնել Ռումինիայից:
Քանթերը հոդվածում տեղեկացրել է, որ վերջին 5 տարում հազարավոր թուրք ընդդիմադիրներ փախել են Էրդողանի բռնապետական ռեժիմից ու ապաստանել այլ երկրներում, սակայն այստեղ էլ ապրում են առևանգվելու վախով:
«Այս գործողությունները ոչ միայն վախի մթնոլորտ է ստեղծում այլ երկրներում ապաստանած թուրքերի շրջանում, այլ նաև խախտում է այդ երկրների ինքնիշխանությունը: Ով էլ լինի անողը, արդեն ժամանակն է, որ բոլորը ԱՄՆ-ը գլխավորությամբ դեմ դուրս գան նման առևանգումներին: Այլ երկրներում Թուրքիայի ապօրինի գործողություններն անտեսելը ավելի է խրախուսում նոր գործողություններ իրականացնելուն»,- գրել է ամերիկաբնակ թուրք մարզիկը, որի նկատմամբ Թուրքիան հայտարարվել է միջազգային հետախուզում։ Քանթերին մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն հռչակված «գյուլենական համայնքի» հետ կապեր ունենալու մեջ։