Հայտնիները միացել են «ՁԱ՛ՅՆ ՏՈՒՐ» արշավին․ նպատակն է ընտրություններին ընդառաջ հանրությանն իրազեկել ընտրական իրավունքի և ընտրություններին քաղաքացիների մասնակցության կարևորության մասին

«Ալիբի իրավապաշտպան» հասարակական կազմակերպության կողմից հունիսի 7-ին մեկնարկել է «ՁԱ՛ՅՆ ՏՈՒՐ» արշավը, որին միացել են մի շարք հայտնիներ, որոնց թվում են՝ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը և այլոք։

Արշավի նպատակն է հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ հանրությանն իրազեկել ընտրական իրավունքի և ընտրություններին քաղաքացիների մասնակցության կարևորության մասին։

Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը, միանալով այս նախաձեռնությանը, իր համոզմունքն է արտահայտում, որ բոլորս պարտավոր ենք մասնակցել գալիք ընտրություններին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը արշավին միացել է «Ձա´յն տուր հանուն ինքնության պահպանման» կոչով։

Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը իր խոսքում ընդգծում է, որ «Ձայն տալը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, բայց և պարտականությունը։ Պարտականությունից խուսափելը դասալքություն է»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանն իր ուղերձում նշում է․ «Ժողովրդի իշխանության իրականացման միակ ճանապարհը ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելն է: Մեր երկրի համար այս դժվարին պահին գիտակցված ընտրությամբ իշխանություն ձևավորելը խիստ կարևոր է»։

Այս կարևոր նախաձեռնությանը միացել են նաև մի խումբ մտավորականներ, գիտնականներ և մարզաշխարհի ներկայացուցիչներ։ Արշավի մասնակիցների ամբողջական հոլովակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Տեսանյութեր

Լրահոս