Դոլարն էժանանում է, բենզինը՝ հակառակը. Վարորդները՝ գնի բարձրացման մասին
2021թ. մայիսին ապրիլի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 3.0% և 5.4%-ով։ 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար՝ 49.6% և 38.3%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 21.6% և 32.0% գնաճ:
Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը 360-410 դրամի փոխարեն՝ վաճառվում է 470-480 դրամով, իսկ պրեմիումի գինը գերազանցում է 490 դրամը։
«Հետաքրքիր է, բենզինն ու դոլարը հարթության տարբեր կողմե՞ր են: Դոլարն էժանանում է, բենզինը՝ հակառակը»,- սոցիալական ցանցերում դժգոհում են վարորդները:
«Օրինակ, Կալիֆոռնիայում կորոնավիրուսի ժամանակ բենզինը իջել էր մինչև 2,7 դոլար՝ 1 գալոնի համար, որը հավասար է 3,7 լիտրի, իսկ հիմա թանկացել է՝ հասնելով մինչև 4,7 դոլարի՝ 1 գալոնի համար, որը կրկին հավասար է 3,7 լիտրի»,- գրել է նրանցից մեկը:
Մասնագետների խոսքով՝ բենզինի և դիզելային վառելիքի գները բարձրացել են՝ կապված նավթամթերքի միջազգային գների աճի հետ: Նավթի գներն աճել են Ռուսաստանում, ԱՄՆ-ում: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի փոխանցմամբ՝ դեռևս մարտ ամսին ռեգուլյար տեսակի բենզինը Ռուսաստանում 42-43 ռուբլի է եղել, որը մոտավորապես 300-310 դրամ է կազմել։
Հավելենք, որ դիզելային վառելիքի արժեքը Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային սակարանում իր առավելագույն մեծության է հասել 2018 թվականից ի վեր դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Հունիսի 15-ի առևտրաշրջանի արդյունքներով՝ ամառային դիզելային վառելիքի գինը ազգային ինդեքսով 1 տոննայի դիմաց հասել է 52 հազար 615 ռուբլու՝ ավելանալով 0,28 տոկոսով, իսկ ամսվա սկզբից ի վեր ինդեքսն աճել է 2,21 տոկոսով: Ռուսաստանի ներքին շուկայում վառելիքի գները զսպելու համար ստեղծվել է, այսպես կոչված, մեղմիչ մեխանիզմ:
Ընդհանուր գծերով, եթե բենզինի և դիզելային վառելիքի գինը բարձր է պայմանական ներռուսաստանյանից, ապա պետությունը նավթընկերություններին փոխհատուցում է այդ տարբերության մի մասը, որպեսզի նրանք գները չբարձրացնեն ՌԴ-ում:
ՌԻԱ Նովոստիի աղբյուրն ասել է, որ 2021 թվականին տատանամեղմիչը կարող է վերափոխվել միայն բենզինի համար, իսկ դիզելային վառելիքի համար՝ 2022 թվականին: Արդյունքում՝ որոշում է ընդունվել առայժմ պարամետրերը կարգավորել միայն բենզինի համար: Օրինագիծն արդեն երկրորդ ընթերցման Է ներկայացվել Պետդումա, սակայն դրանում բովանդակվող նորմերը փաստորեն սկսել են աշխատել մայիսի 1-ից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: