«Ինքը պետք է հեռանա, բայց ոչ թե նրա համար, որ մեզ կոռումպացված է անվանում, այլ որովհետև մեզ հայրենազրկել է, խայտառակել է». Շիրակի թեմի առաջնորդ

Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում կրկին անդրադարձել է հոգևորականներին՝ նրանց անվանելով կոռումպացվածներ։

«Հոգևոր էլիտայի ներկայացուցիչները,  վերջին օրերին չէ, վերջին տարիներին, նրանք ամեն ինչ արել են՝ խոսքը նեղ էլիտայի մասին է, ղեկավար կազմի մասին է, ՀՀ կառավարությանը սեփական կամքը պարտադրելու, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ձախողմանը հասնելու համար։ Բայց ես ուզում եմ ասել, որ մենք, ցավոք, նույն իրավիճակն այնտեղ ունենք։ Մեզ այսօր ասում են, թե մենք փորձում ենք վարկաբեկել Հայ Առաքելական եկեղեցին, ավանդական արժեքները։ Ոչ, այդ արժեքները վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները, այսօր Հայ Առաքելական եկեղեցում կան բազմաթիվ ազնիվ հոգևորականներ։ Խայտառակությունը հասել է այնտեղ, որ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդը ձայնագրություն է հրապարակում, որտեղ ծայրից ծայր դեմ է քրիստոնեական արժեքներին և Հայ Առաքելական եկեղեցու էությանը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և խոսքը եզրափակեց Աստվածաշնչից հատվածներ մեջբերելով։

 

Հիշեցնենք՝ երեկ Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել էր հոգևորականությանը, նշելով, որ այնքան հեղափոխություն կանեն, մինչև հոգևորականից մինչև քաղաքական էլիտա խոնարհվեն ժողովրդի առաջ։

«Մենք այդ կեղծ էլիտաներին թույլ չենք տալու վերարտադրվել. այո՛, եթե պետք լինի՝ կանենք հեղափոխություն, կանենք էլի հեղափոխություն, կանենք էնքան հեղափոխություն՝ մինչև էլիտաները՝ հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ: Դուք տե՛ր չեք, դուք ծառա՛ եք, դուք այլևս ՀՀ-ում չեք լինելու տեր. Հայաստանում տեր լինելու է ժողովուրդը, քաղաքացին, և դուք բոլորդ պիտի խոնարհ ծառայեք նրանց»,- ասել էր նա։

168.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարություններին, նշեց, որ նախ, Նիկոլ Փաշինյանը պետք է ասի, թե ինչ ունի հայ հոգևորականության դեմ, որ այդպես է խոսում։

«Ես չգիտեմ, թե նա իր հիվանդ երևակայության մեջ ինչ է մտածում, ես ինչպե՞ս կարող եմ ասել, թե ինչ է մտածում։ Ես այդքան կարողություն չունեմ նրա հիվանդ երևակայությունը հասկանալու համար։ Նա ի՞նչ է հասկանում՝ կոռումպացված ասելով, հոգևորականներն ինչո՞վ են կոռումպացված, այդ ո՞վ է մեզ կաշառք տվել, որ մենք էլ վերցրել ենք, ինչո՞վ է արտահայտվում մեր կոռումպացված լինելը»,- նշեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Շիրակի թեմի առաջնոդը նաև ընդգծեց՝ հայ հոգևորականությունն իր հստակ  դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ արդեն արտահայտել է՝ նրա հրաժարականը պահանջելով։

«Մենք հստակ ասել ենք՝ ինքը պետք է հեռանա, բայց ոչ թե նրա համար, որ մեզ կոռումպացված է անվանում, այլ՝ որովհետև նա մեզ հայրենազրկել է, խայտառակել է, մեր հպարտությունն ու արժանապատվությունը գողացել է։ Նա մեր երկիրն իջեցրել է անդունդի մեջ։ Նա մեր բանակն է քայքայել, հասցրել ծայրահեղ ծանր վիճակի։ Մենք այս ամենի համար նրա հրաժարականն ենք պահանջել, այնքան մարդ կա, որ մեզ ինչ ասեք անվանում է՝ Աստված իրենց հետ։ Դե, ինքն ուզում է  ցույց տա, թե մեր դեմ, մեր կոռումպացված լինելու դեմ պայքարում է, և դրա համար մենք իրեն դեմ ենք, սա սխալ եզրակացություն է»,- շեշտեց սրբազանը։

Միաժամանակ նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ սեփական սխալները գտնել ու դրանք ընդունել, այդ պատճառով էլ մեղադրում է ուրիշներին։

«Որևէ մեկը եթե իրեն դեմ է՝ կոռումպացված է, սա է նրա եզրակացությունը, երևակայությունը»,- եզրափակեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս