Սո՛ւտ է ասում, ղալա՛թ է անում. իր ժամանակ բանակը քանդվել է. ինքը քանդել է բանակը. Արտակ Զաքարյան

«Վերջին տասը տարվա ընթացքում իրականացրել ենք ամենամեծ ծավալով գնումները.  միայն 2019 թվականին ձեռք ենք բերել զենք-զինամթերքի ծավալի 62-ից ավելի տոկոսը,  վերջին երեք տարում մենք ավելի շատ գումար են ծախսել զենք-զինամթերքի, սպառազինության ձեռքբերման վրա, ավելին՝ քան 1999-2007 թվականը, ավելին՝ քան 2008-2018 թվականը:

Այո՛, մենք չենք հասցրել դա անել, որովհետև հակառակորդը նույնպես հետևել է մեզ և տեսել է, որ այլևս սպասել չի կարելի, որովհետև, եթե սպասի մի քանի տարի, Հայաստանը կլինի այնպիսին, որ լիարժեք ի վիճակի կլինի պաշտպանել ինքն իրեն»,- Գեղարքունիքի մարզում բանակի մասին հերթական հայտարարությունն է արել Նիկոլ Փաշինյանը՝ նորից ու նորից առանց հստակեցնելու, թե կոնկրետ երբ ու ինչ է ձեռք բերվել և ինչ պայմանագրերով:

168.am-ը ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանին խնդրեց արձագանքել այս հայտարարություններին: Ի պատասխան՝ Ա. Զաքարյանը եղավ հակիճ. «Սո՛ւտ է ասում, թող կոնկրետ ասի: Դա բացարձակ խաբեություն է.  ոչ մի բան չեն արել, ինչ էլ որ արել են, արել են՝ ըստ արդիականացման ծրագրի, որը հաստատել է Սերժ Սարգսյանը 2018 թվականի հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը:

Ինքը սուտ է ասում, ինքը ղալաթ է անում. դա մեր բանակի կայացման ամբողջ ժամանակաշրջանն է, իր ժամանակ բանակը քանդվել է. ինքը քանդել է բանակը»:

Հիշեցնենք՝ ընդամենն օրեր առաջ Ն. Փաշինյանի նմանատիպ հայտարարություններին բավական կոշտ արձագանքել էր ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը. «Լկտին էդպիսին է, եթե բերանին չես տալիս, նորից սկսում է իր բերանի կեղտը շաղ տալը։ Էդ մարդը հիմա դրանով է զբաղված, միայն դրանով։ Ես ասում եմ հետևյալը՝ ինքը ղալաթ է անում, սուտ է խոսում, որ իրենք ավելի շատ զենք-զինամթերք են բերել, և իմ բառապաշարում այս կոպիտ խոսքերը նոր են հայտնվել, և ես առանց ափսոսելու եմ խոսում, որովհետև չի՛ կարելի էդպիսի լկտիություն անել։

Իրենք ոչ մի բան էլ չեն բերել, ոչ մի բան։ Պատերազմի ժամանակ, չեմ ժխտում, միգուցե տվել են ինչ-որ բան, բայց մինչ էդ ի՞նչ են բերել, ի՞նչ․ նախ մեր ծրագիրն են քանդել,  և մեր թողած փողերով գնացել չորս հատ ինքնաթիռ են գնել՝ առանց զինամթերքի, որպեսզի նկարվեն այդ ինքնաթիռի ֆոնին․ ինձ որևէ մեկը տեսե՞լ է իսկանդերի կողքը կանգնած։  Պատկերացնո՞ւմ եք, հարյուր միլիոնից ավել փող են տվել, առանց սպառազինության ինքնաթիռ բերել, այն ինքնաթիռները, որ 2015 թվականից մեզ առաջարկում էին շատ ավելի լավ պայմաններով, բայց հաշվի առնելով որոշ հանգամանքներ՝ մենք  ձեռք չենք բերել դրանք։

Թող ասի էդ աննամուսը, էդ սուտասանը, քանի՞ փամփուշտ է ստացել՝ որպես ռազմատեխնիկական օժանդակություն․ որ էդ թվերը կրակում  է՝ էս բերեցինք, էն բերեցինք, իրենք դրա հետ բացարձակապես որևէ կապ չունեն․ Այդ պայմանագրերը մենք կնքել ենք 2016-17 թվականներին 200 միլիոն ռուսական վարկի միջոցներով։ Իրենք, ընդհակառակը՝ մեր կնքած պայմանագրերն էլ են փոխել․ իրենք կարծում էին, որ պատերազմ չի լինելու, ինքն էր ասում, չէ՞՝Ալիևը կառուցողական է, կիրթ է։ Մարդ իր  հակառակորդին, իր թշնամուն կասի կառուցողակա՞ն։ Ո՞ւր է կառուցողականությունը․ օրական գերի է վերցնում, օրական գերի է սպանում»:

Նախագահը նաև նկատել էր՝ եթե այս թեման Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ հասցնի, ինքը թվեր կհրապարակի․ «Ես դեռևս ինքս ինձ զսպում եմ, որովհետև ես հասկանում եմ՝ ինչ է պետություն, պետականություն, ի՞նչ է բանակ, և բանակի մասին այդ թվերը հրապարակելը վերջն ինչի պետք է բերի։

Մենք 2016 թվականին կրակեցինք այնքան, ինչքան ուզում էինք, ինչքան հրամանատարներն էին ուզում, ինչքան անհրաժեշտ էր․ դրա համար էլ հակառակորդն այդքան կորուստներ կրեց։  Ինքը չի՞ իր կոտրած ձեռքով գրել, որ  իր տվյալներով՝ ադրբեջանցիները հազարից ավելի զոհ են ունեցել 2016 թվականին, իսկ հիմա հարաբերականությունն ինչքա՞ն է․ոչ միայն այստեղ՝ դահլիճում նստածները,  բոլոր մնացածներն ինչքան պրպտում են, չեն կարողանում գտնել՝ քանի զոհ ենք մենք ունեցել,  և այդ զոհերը եղել են երկու պատճառով՝ տխմար կառավարման պատճառով, և երկրորդը, որ առաջին օրվանից սկսած՝ քանդել է մեր բանակը։

Գիտե՞ք՝ ինչի համար է քանդել, կներեք բառիս համար, որովհետև ինքը տակը լցրել էր բանակից․ իրեն թվում էր, թե իմ հրաժարականից հետո ուժային կառույցները չպիտի իրեն ենթարկվեին, գային ինչ-որ բաներ անեին։ Դրա համար բոլորին վարկաբեկեց,  փորձառու հրամանատարներին փոխարինեց հարմարվողական հրամանատարներով»։

Տեսանյութեր

Լրահոս