«Նա, ով կփորձի Արցախի հիմնախնդիրը փակել ներսից՝ կործանելու է հայոց պետականությունը». Դավիթ Բաբայան

Հունիսի 7-ին Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։

Այս ընթացքում արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն արդեն եղել են ՀՀ տարբեր մարզերում։ Հանրությունն ուշադիր հետևում է նախընտրական քարոզարշավին՝ հասկանալու՝ քաղաքական ուժերն ինչպես են պատկերացնում Հայաստանի առջև ծագած անվտանգային խնդիրների լուծումը, իսկ որ ամենակարևորն է՝ ինչպես են պատկերացնում Արցախի հարցի կարգավորումը, ինչ ճանապարհներ են առաջարկելու Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքները վերադարձնելու համար։

Թերևս, այս հարցերի պատասխանն ամենաշատը սպասում են իշխող թիմից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսացկությունից՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ով հայտարարում է, թե ակնկալում է ստանալ հասարակության 60 տոկոսի վստահության քվեն։ Սակայն նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը գրեթե ոչինչ չի ասել Արցախի ապագայի մասին՝ ինչպես է պատկերացնում Արցախի հարցի լուծումը, ինչպես է ապահովելու Արցախի անվտանգությունը՝ որպեսզի Արցախի անվտանգության երաշխավոր և առհասարակ Արցախի հետ կապված ինչ տեսլական ունի։

Արդյո՞ք այս ամենը չի ենթադրում, որ նախընտրական քարոզարշավին զուգահեռ՝ մոռացվում է Արցախի հիմնախնդիրը և Արցախն առհասարակ դուրս է մնում ուշադրությունից։

168.am-ն այս հարցերի վերաբերյալ լսեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի կարծիքը։

Նրա խոսքով՝ Արցախում հետևում են նախընտրական քարոզարշավին և պարտավոր են հետևել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քարոզչական ժամանակահատվածը լուրջ խնդիր է։

«Ամենակարևորը՝ ընդհանրապես պետականաշինության գործընթացում Արցախը չպետք է դուրս մնա։ Արցախի վրա խաչ դնելը նշանակում է՝ հայոց պետականաշինության կործանում, դա այդպես է լինելու, թող որևէ մեկը չկասկածի։ Եթե խաչ դնենք Արցախի վրա, խաչ ենք քաշելու հայոց պետականության վրա։ Արցախը չպետք է դուրս մնա հայոց պետականաշինության գաղափարախոսությունից, այսինքն՝ Արցախը պետականաշինության կարևորագույն հիմքերից մեկն։ Եթե դա չլինի, ապա իլյուզաներով չպետք է տառապել՝ հայոց պետականությունը կործանվելու է։ Հիշո՞ւմ եք, քանի անգամ ենք տարբեր կանխատեսումներ արել՝ կապված ջրային ռեսուրսների հետ, հաշվի չեն առել։ Հիմա մեր դուռը ծեծում են ահաբեկիչները, որ վաղն ամբողջ Հայաստանը ջրային ահաբեկչության տակ է լինելու։ Նա, ով կփորձի Արցախի հիմնախնդիրը փակել ներսից՝ կործանելու է հայոց պետականությունը»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով ռազմագերիների խնդիրներին, որոնց մի մասին Ադրբեջանը խոշտանգելով սպանել է, մյուս մասին էլ դատապարտում է՝ որպես ահաբեկիչների,  Դավիթ Բաբայանը նշեց, որ այս առումով Ադրբեջանի պահվածքն այնպիսին է, ինչպիսին որդեգրել էր նացիստական Գերմանիան, նույն պահվածքն է,  որը որդեգրել էր Օսմանյան կայսրությունը 1915 թվականին և որևէ ձևով նրանցից չի տարբերում։

«Տեսնում ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը բոլոր հայ ռազմագերիներին դատում է, փորձում է  դարձնել ահաբեկիչ, այսինքն՝ սա ի՞նչ է նշանակում, որ նրանք չեն ուզում ռազմագերիներին վերադարձնել։ Նրանց համար հայերի սպանությունը կարծես թե  հոգու մխիթարանք է, սա նացիզմ է, եթե նրանք կարծում են, որ դրանով իրենց ազգը սիրում են, սխալվում են, դա իրենց կործանելու է, բայց սա ուրիշ պատմություն է։ Առհասարակ ատելությունը բերում է կործանման»,- հավելեց Դավիթ Բաբայանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այն, ինչ անում է Ադրբեջանը՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, միջազգային իրավունքի և առհասարակ բարոյական նորմերից դուրս է, նաև նույն իսլամին, բայց նրանք նույնիսկ իսլամն են ոտնահարում։

«Նման երկրները, որոնք ոտնահարում են արժեհամակարգը, իսկական արժեհամակարգը, այսինքն՝ միջազգային օրենքները, մարդկային արժեհամակարգը, այդ հասարակությունները դատապարտված են կործանման, բայց մինչև կործանում այլ ազգերին շատ վատություններ են անում»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս