«Այսօր լրատվական դաշտում գործում են մարդիկ, որոնք ավելի շատ քիլլերի են նման, քան լրագրողի». Փաշինյան

Այսօր Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հսկայաքանակ ոստիկանների, կարմիր բերետավորների, դիպուկահարների ուղեկցությամբ Դիլիջանում էր:

Նա, դիմելով հավաքվածներին, կրկին առաջ քաշեց թեզը, թե «թավիշը» փոխարինելու են «պողպատով»: Փաշինյանը առիթը բաց չթողեց անդրադառնալու մամուլին, որի ներկայացուցիչների աշխատանքը, ինչպես պարզ դարձավ խոսքից, չի բավարարում Փաշինյանին:

«Սիրելի դիլիջանցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ: Ժողովուրդ ջան, երեկ Վանաձորում, Լոռվա մարզում տեղի ունեցած քարոզարշավի արդյունքներով ես հայտարարեցի, որ մենք այս ընտրություններում պիտի իրականացնենք մի նոր հեղափոխություն, կամ, ավելի ճիշտ, մեր հեղափոխության երկրորդ փուլը, որը պիտի անվանենք, այո, էլի ոչ բռնի, էլի ժողովրդական, բայց այս անգամ ոչ թե թավշե, այլ պողպատյա հեղափոխություն, և ես… ինչն է նման նաև մոտեցման պատճառը, մենք Արմավիր, Արագածոտն, Շիրակի մարզ, Լոռվա մարզ, մենք եկանք, և ակնհայտ է, որ այսօր ժողովրդի պահանջը մեզնից հստակ է, նրանք ուզում են, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունենա ուժեղ, ինստիտուցիոնալ իշխանություն, որը երկրում օրենքի անառարկելիության մթնոլորտ կստեղծի:

Ի՞նչ է նշանակում պողպատյա հեղափոխություն, դա նշանակում է օրենքի կիրառման ինստիտուտների ուժեղացում, դա նշանակում է օրենքի դիկտատուրա Հայաստանի Հանրապետությունում, և մենք ձեր մանդատով գնալու ենք այդ ճանապարհով: Օրենքի մասին է խոսքը, ոչ թե բռնության մասին է խոսքը, այլ օրենքի իշխանության մասին է խոսքը: Ես ուզում եմ ասել, որ մենք այսպես ինստիտուցիոնալ  ճանապարհով պիտի գնանք շարունակական պետական ինստիտուտների ուժեղացման և օրենքի կիրառման ինստիտուտների ուժեղացման ճանապարհով, և սա այսօր այլընտրանք չունի: Մենք, այդ թվում, պիտի նաև ոչ միայն ուղիղ պետական կառավարման ոլորտում գտնվող օղակներում կարգ ու կանոնի խնդիր դնենք, այլև ավելի լայն շրջանակով:

Էսօր Հայաստանի լրատվական դաշտը վերածվել է մի, կներեք արտահայտությանս, իսկական աղբանոցի, և մենք տեսնում ենք հետևյալը, ինչպե՞ս կարգավորել այդ դաշտը, մենք պետք է նաև լրագրողական հանրությանը քաջալերենք, նաև օրենքով որոշակի մեխանիզմներ ստեղծենք, որպեսզի ստեղծվեն էթիկայի կանոններ, հենց լրագրողական համքարության կողմից  ստեղծվեն էթիկայի կանոններ, էդ էթիկայի կանոնների պահպանման որոշակի մեխանիզմներ, և նաև էդ էթիկայի կանոնները խախտելու համար որոշակի նաև պետք է գոյություն ունենան սահմանափակումներ: Ինչո՞ւ պիտի պետական պաշտոնյան ունենա էթիկայի կանոններ, այո, և՛ պետք է ունենա, և՛ պետք է խստացվեն էդ էթիկայի կանոնները, նույնը պետք է տեղի ունենա նաև լրատվական դաշտի հետ, որովհետև էսօր լրատվական գործում են մարդիկ, որոնք ավելի շատ քիլլերի են նման, քան թե նման են լրագրողի»,- ասաց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս