«Եղբայրասպան պատերազմ Հայաստանում չի լինելու». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արմեն Աշոտյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ 168.am-ի  հարցին, թե Նիկոլ Փաշինյանը միտումնավո՞ր է սրում իրավիճակը, երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարություններում սպառնում է ընտրվելու դեպքում քաղաքական և քաղաքացիական վենդետաներ անել, «մեյիդ» փռել, թավիշը փոխել պողպատե հեղափոխությամբ, նաև անվանական վիրավորական արտահայտություններ է հնչեցնում իր ընդդիմախոս մրցակիցների հասցեին, ո՞րն է դրա նպատակը, այսպես պատասխանեց՝ Նիկոլ Փաշինյանն արդեն մեկ պատերազմ հայության գլխին բերել է։

«Նա թուրքին ու ադրբեջանցուն բերել է  մեր հայրենիք, սպանել է մեր 5 հազար փայլուն երեխաներին, հիմա նա  ուզում է հրահրել մեկ այլ՝ եղբայրասպան պատերազմ, ուզում եմ վստահեցնել՝ իրեն չի հաջողվելու։ Հասարակության համբերության բաժակը կոկորդին է հասել, կարող է դա դեռ փողոցներում չի երևում, բայց դա երևալու է հունիսի 20-ի քվեարկությամբ։ Եղբայրասպան պատերազմ Հայաստանում չի լինելու։ Եվ միակ խոչընդոտը մեր ներկայի և վաղվա օրվա միջև՝  Նիկոլ Փաշինյանն է, նա վերանալու է՝ որպես խոչընդոտ»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացիական սադրանքների, բախումների փորձեր կլինեն, ուստի ժողովրդին խնդրում է լինել մաքսիմալ զուսպ, հավաք և պատասխանատու։

«Այս ատելության մթնոլորտը պետք է վերացնել, բայց նախ և առաջ պետք է վերացնել այս մթնոլորտը ծնող պատճառը՝ Նիկոլ Փաշինյանին, վերացնել՝ քաղաքական իմաստով եմ ասում»,- հավելեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս