
ԲԷՑ-ի արևելյան և հյուսիսային մասնաճյուղերում կրճատումնե՞ր են լինելու

168.am-ին հասած տեղեկություններով՝ Սուրեն Պապիկյանի ղեկավարած ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կառավարման ոլորտում գործող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում այս օրերին սպասվում են օպտիմալացումներ և ենթակառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում շատ աշխատողներ զրկվելու են աշխատանքից, ապրուստի միջոցից:
Կրճատումները, մասնավորապես, անդրադառնալու են ԲԷՑ-ի արևելյան (Սևան) և հյուսիսային (Վանաձոր) մասնաճյուղերին:
Ստացվում է՝ մի կողմից՝ իշխանությունները խոստանում են ապագա, մյուս կողմից՝ մարզերում առանց այն էլ սոցիալական վատ իրավիճակում մարդկանց զրկում են աշխատանքից:
168.am-ը դիմեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ պարզելու, թե որքանով է տեղեկությունը համապատասանում իրականությանը։
Գերատեսչությունից մեզ ասացին, որ այն ճշտելուն պես այսօր կամ վաղը կտեղեկացնեն մեզ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պարզաբանումը ստանալուն պես կհրապարակենք այն:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակում այսօր մեկնել է Լոռու մարզ, լինելու է նաև Վանաձորում:
Հ.Գ. Ավելի ուշ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից կապ հաստատեցին և առաջարկեցին դիմել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն՝ պարզելու, թե ինչ կրճատումներ և կառուցվածքային փոփոխություններ են լինելու: