Հունիսի 11-ից երկրորդ փուլով կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրումը
Հունիսի 11-ից՝ ժամը 9։00-ից, hayt.emis.am կայքում կմեկնարկի ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիների ընդունելության հայտագրման գործընթացի երկրորդ փուլը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում հերթագրվել են 1-ին դասարան գնացող այն երեխաները, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր ունի:
Մինչ հայտագրման բուն գործընթացը ծնողները հնարավորություն են ունեցել իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը ստուգել համապատասխան համակարգով՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։
Ակնկալվում է, որ առցանց հայտագրման միջոցով այս տարի մոտ 25 000 երեխա կհաճախի առաջին դասարան: