Բաժիններ՝

Մադրիդում բացել են Յուրի Գագարինի կիսանդրին

Մադրիդում բացվել է Յուրի Գագարինի կիսանդրին. արարողությանը մասնակցել են Իսպանիայի մայրաքաղաքի քաղաքագլուխ Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան եւ Իսպանիայում Ռուսաստանի դեսպան Յուրի Կորչագինը։

Կիսանդրին, որը նվիրել է Ռուսական տունը եւ Ռուսաստանի դեսպանությունը, տեղադրել են Մադրիդի պլանետարիումի գլխավոր մուտքի առջեւ:

Միջոցառման մասնակիցները դիտել են Գագարինին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը, էքսկուրսիա է անցկացրել պլանետարիումի տնօրեն, աստղաֆիզիկոս Թելմու Ֆեռնանդեսը, ֆիլմեր են դիտել աշխարհում առաջին տիեզերագնացի եւ տիեզերք թռած առաջին կնոջ՝ Վալենտինա Տերեշկովայի մասին:

«Գագարինն առաջին մարդն է, որն իրականացրել է պատմության ընթացքում միլիոնավոր մարդկանց երազանքը՝ ուղեւորվել տիեզերք: Գագարինն իսկական սխրանք է կատարել, այն ժամանակներում՝ աներեւակայելի… «Գնացինք» բացականչությունը լսել է ողջ մարդկությունը:

Գագարինն ավելի շատ բան է արել սառը պատերազմի լարվածությունը նվազեցնելու համար, քան որեւէ մեկը: Նա հավերժ կմնա ողջ մարդկության հիշողության մեջ»,-արարողության ժամանակ ասել է Մարտինես-Ալմեյդան:

Ռուսաստանի դեսպանը հիշեցրել է, որ այս տարի աշխարհը նշում է տիեզերք մարդու առաջին թռիչքի 60-ամյակը: «Յուրի Գագարինը ռուս էր, բայց մեր երկիրը չի մոնոպոլացնում նրա սխրանքը, նրա սխրանքը պատկանում է ողջ մարդկությանը»,-ասել է Կորչագինը, հավելելով, որ «Մադրիդը միանում է այն քաղաքների երկար ցանկին, որտեղ կան աշխարհի առաջին տիեզերագնացի հուշարձանները»:

«Ես հպարտ եմ, որ այսքան նշանավոր վայրում այժմ կա Յուրի Գագարինի հուշարձանը»,-եզրափակել է դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս