Երկրի հարստությունը 5 տարում 28 միլիարդ դոլարից իջել է 25 միլիարդի, պարտքը բարձրացել է. Հրանտ Բագրատյան
«Ներդրումները հավաքելու համար մեր առաջին գործիքը պետք է լինի. ա՝ սուվերեն համահայկական ներդրումային հիմնադրամը»,- «Ազատություն» կուսակցության ծրագիրը ներկայացնելիս շեշտեց Հրանտ Բագրատյանը:
Խոսելով տնտեսության մեջ անհրաժեշտ այլ քայլերի մասին՝ նա նկատեց, որ պետք է բացառել սպառման համար վարկեր վերցնելը.
«Նիկոլ Փաշինյանն է առաջին վարչապետը, որը վարկ է վերցրել, բերել աշխատավարձ է տվել. նման բան չէր եղել. չի՛ կարելի արտաքին պարտքը աշխատավարձ տալ. արտաքին պարտքով սարքում են թունել, ճանապարհ»:
Թե ինչ հետևանքներ է ունեցել տնտեսական այս քաղաքականությունը՝ նախկին վարչապետը ներկայացնում է թվերով.
«Ամենասարսափելին՝ երկրի հարստությունը վերջին 5 տարում 28 միլիարդ դոլարից իջել է 25 միլիարդի, պարտքը բարձրացել է՝ ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 67 տոկոս, իսկ հարստության նկատմամբ՝ արդեն կազմում է 40 տոկոս, այսօր ՀՀ արժի 25 միլիարդ դոլար՝ առանց Արցախի մնացած հատվածի»: