Հենց եկա՝ 42 հանքն էլ պետք է աշխատեցնեմ ու փողը դնեմ գիտության, բանակը սպառազինելու մեջ. Արամ Սարգսյան
Մաշտոցի պուրակից «Հանրապետություն» կուսակցության անդամները` Արամ Սարգսյանի գլխավորությամբ, շարժվեցին դեպի Արմավիրի մարզ:
Կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ համոզված է՝ հանրությունն ավելի շատ կառուցողական խոսք է ուզում լսել, հասկանալ, թե ինչ ծրագրեր կան, և խնդիրներն ինչ կերպ են լուծվում:
«Մենք կգանք, լավ կլինի», «վատը նախկիններն են» կամ «վատը ներկաներն են» և այլն, չեմ կարծում, որ այս հանգամանքը բավարար է ու խնդիր է լուծում քաղաքացու համար՝ քվե տալու առումով: Քարոզարշավի ընթացքում փորձելու ենք ներկայացնել ծրագրի հիմնական դրույթները»,- նշեց կուսակցության վարչապետի թեկնածուն:
Արամ Սարգսյանն ընդգծեց՝ իրենց կարգախոսն է՝ «աշխատատեղ և անվտանգություն», և համարում են, որ այդ երկու բաղադրիչները փոխկապակցված են, որովհետև առանց ուժեղ տնտեսության՝ չկա ուժեղ բանակ, առողջապահություն, գիտություն, սոցիալական ապահովություն:
«Որպես խնդրի լուծման տարբերակ՝ առաջարկում ենք հույս դնել մեր ունեցած մարդկային և բնական ռեսուրսների վրա, շահագործել մեր ունեցած հանքային բոլոր ռեսուրսները, կառավարել ունեցած ջրային ռեսուրսները, դրանցից եկած փողը տանել գիտություն և կրթություն, սպառազինել մեր բանակն այնպես, որ կարողանա մի քանի տարի հետո շատ լուրջ հակահարված տալ թշնամուն, որ մեր սահմանները խախտելուց առաջ փորձի մտածել: Իսկ այօրվա պարագայում տեսնում ենք, որ մեր ռազմավարական գործընկերն իր պահվածքով չի բավարարում այն չափանիշներին, որպեսզի կարողանա օժանդակել մեզ՝ պահել սահմանները, ավելին, օժանդակում է հակառակորդին, և մենք հակված ենք լրացուցիչ անվտանգության երաշխիքներ ներգրավել՝ դիմելով ՄԱԿ-ին, Մինսկի խմբին, համաշխարհային հանրությանը: Արտաքին քաղաքական նոր խաղացողների ներգրավում է պետք»,- նկատեց վարչապետի թեկնածուն:
Ապա կուսակցության անդամների հետ միասին Երևանից մեկնեցին Էջմիածին: Քաղաքացիների հետ զրույցում Արամ Սարգսյանն ասաց, որ փորձում են գլոբալ աշխատատեղի խնդիր լուծել:
«Մեր երկիրն ունի 42 մետաղական հանք, ոսկու, պղնձի, արծաթի գինն ամեն օր թանկանում է. անցած տարի, ասենք, պղինձն 8000 դոլար էր, այս տարի 10.000 է, հաջորդ տարի դառնալու է 12.000: Նավթն ու գազն էժանանում են, դրանք վերջանում են: Մեքենաները դառնում են էլեկտրական և այլն: Հենց եկա՝ այդ 42 հանքն էլ պետք է աշխատեցնեմ ու փողը դնեմ գիտության, բանակը սպառազինելու մեջ»,- քաղաքացիների հետ զրույցում ընդգծեց Արամ Սարգսյանը: