«Մի մարդ, որը չգիտի մտածել, մտքերը ճիշտ ձևակերպել, ուղղակի բարոյականությունից զուրկ է. այսօր ամբողջ աշխարհն է գերիներից խոսում, նա ասում է` գերիները 2 ամիս էլ կսպասեն». Գագիկ Գինոսյան

Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ անդրադարձ էր կատարել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին։

«Դուք պիտի գիտակցեք, որ գերիների հարցն այսօր ուզում են մեր պետության ու ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ, այո, նրանք մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների մեզ, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը»,- իր խոսքում նշել էր նա՝ հավելելով, որ պետք է ուշադիր լինեն գերեվարվածների ընտանիքների նկատմամբ, և, որ պետությունն ինչ հնարավոր է, անում է:

168.amի հետ զրույցում հասարակական գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը, նկատեց՝ նորմալ, բանական, բարոյականություն ունեցող մարդը նման հայտարարություն չի կարող անել, սա հերթական, չմտածված խոսքն է, որը բնորոշ է այդ մարդուն, որն առանց մտածելու խոսում է։

«Մի մարդ, որը չգիտի մտածել, մտքերը ճիշտ ձևակերպել, նա ուղղակի բարոյականությունից զուրկ է, այսօր ամբողջ աշխարհն է գերիներից խոսում, սակայն նա ասում է, թե գերիները 2 ամիս էլ կսպասեն։ Նա այդ մարդկանց, նրանց ծնողներին, հարազատներին հարցրե՞լ է, թե՞ ինքն է որոշում՝ ով որտեղ, ինչ սպասի։ Իր ապազգային, խայտառակ ստորագրած փաստաթղթի մեջ անգամ ամրագրված է, թե ինքն իր բոլոր խոստումներն ադրբեջանցիներին՝ իրականացրել է, այդ թվում՝ ռուսներին, գերիների մասին մտածող չկա։ Որևէ մեկ քայլ, որը վերաբերում է  ի շահ Հայաստանի, չի իրականացվել։ Այդ փաստաթղթում գրված էր, որ գերիները բոլորը բոլորի դիմաց պետք է փոխանակվեն, Հայաստանը նույնիսկ տվեց այն դիվերսանտներին, որոնք առհասարակ այս պատերազմի հետ կապ չունեին։ Նիկոլ Փաշինյանի հոգևոր հայր Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իր ժամանակին, կրկին անհատույց, բոլոր ռազմագերիներին վերադարձրեց՝ փոխարենը չստանալով որևէ հայ ռազմագերի»,- նշեց Գագիկ Գինոսյանը։

Ըստ նրա, այսօր ակնհայտ է, որ հայկական կողմը վերադարձրել է բոլոր գերիներին, սակայն դրա դիմաց ոչինչ չի ստացել, ավելին՝ որևէ հույս չկա, որ կառավարությունը մատը մատին կխփի, որպեսզի գերիներին վերադարձնի։

Միաժամանակ նա հավելեց՝ կասկածում է, որ այսօր Հայաստանն ունի կառավարություն։

«Լյուդովիկոս 14-րդն ասում էր՝ կառավարությունը ես եմ, պետությունը ես եմ, բայց ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը չէ մեր պետությունը։ Հասարակական կազմակերպությունները վստահաբար գործառույթն անում են, այդ թվում՝ միջազգային «Կարմիր խաչը», որպեսզի հայ ռազմագերիներին օր առաջ վերադարձնեն հայրենիք։ Սակայն պետական տեսանկյունից որևէ կառույց, պատկան մարմին, որի գործառույթի մեջ մտնում է դա, տեղեկություն չունեմ՝ ինչ են անում։ Սա նուրբ թեմա է, որովհետև նախորդ պատերազմից էլ գիտենք, որ բավականին շատ տղաներ կային գերի և որևէ մեկ կառավարություն այդ տեսանկյունից որևէ բան չի արել, այդ թվում՝ ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի հետ կապված՝ որևէ կառավարություն քայլ չձեռնարկեց։ Մենք երբեք չենք ունեցել ազգային պետություն և ազգային կառավարություն որևէ մեկի օրոք՝ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, որը հայտարարում էր, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է, մինչև մարդիկ, որոնք ուղղակի ապազգային են, որոնք դեռ հայերեն խոսել, հայերեն մտքերը շարադրել պետք է սովորեն»,- շեշտեց Գագիկ Գինոսյանը։

Նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում նրա ոտքերի տակ գառ ու ոչխար մորթելուն՝ ընդգծելով, որ բոլոր իշխանությունների ժամանակ էլ նման բան եղել է, ուստի այդ թատերականացված գործողությունները նոր չեն, և տեղի յուրաքանչյուր իշխանիկ փորձում է  այդ կերպ իր տեղն ապահովել։

«Շատ հավանական է, որ իրենց մարդիկ են, իրենց բարեկամներն են, այնպես որ, չեմ կարծում, որ դա իմ ազգն է։ Ընդհանրապես ի՞նչ է նշանակում՝ ինչ-որ մեկի ոտքի տակ գառ մատաղ անել, ազգային հերո՞ս են դիմավորում, ի՞նչ է։ Կարծում եմ՝ ժամանակին նույնիսկ Նժդեհի ոտքերի տակ ոչխար չեն մորթել, որովհետև Նժդեհը դա թույլ չէր տա իր մարդկային տեսակով, նույնը նաև Գևորգ Չաուշը, Անդրանիկը, որովհետև նրանք իրական հերոս էին, ազգային հոգի ու գաղափար կրող նվիրյալներ էին։ Իսկ ովքե՞ր են սրանք, ովքե՞ր են նախորդները, որ հիմա այսպես մեծ-մեծ խոսում են, ինչո՞ւ հանձնեցին իշխանությունը դավաճանին։ Ինչո՞ւ 2008 թվականին 10 զոհ տվեցին, 2018-ին էլ 10 զոհ տային կամ իրենք զոհվեին ու իշխանությունը չտային դավաճանին։ Հիմա բոլորը ծիծաղելի են»,- նշեց մեր զրուցակիցը։

Գագիկ Գինոսյանի կարծիքով՝ ազգն իր սթափությունը ցույց կտա՝ որևէ մեկ իշխանիկի ձայն չտալով, մերժելով բոլորին, որովհետև որևէ մեկն ազգային որևէ բան չի արել։

«Հիշո՞ւմ եք, որ ասում էին, ինչքան ուզենք՝ այնքան կխփենք, ինչքան պետք էր, այդքան նկարում էին, հիշո՞ւմ եք, որ մտնում էին մարդկանց տներ ու ասում, թե որևէ բան չեն փոխելու, ավելի լավ է 10 հազար վերցնեն։  ժողովուրդը հիմա չի հավատում, որ կարող է ինչ-որ բան փոխել, այդ թերարժեքության բարդույթը ձևավորվել է նախորդ բոլոր իշխանությունների ժամանակ, այնպես որ, այսօր զարմանալ պետք չէ այն ամենի վրա, ինչ կատարվում է, քանի որ այդ ամենի հիմքը շատ ավելի խորքային է։ Վստահ եմ, որ երկու կողմն էլ՝ ներկայիս ու նախկինում իշխանության եղած անձինք՝ երեք նախագահները և ներկայիս վարչապետը, իրենց չանցնելու վախից պատրաստ են նույնիսկ ժողովրդին տանել քաղաքացիական պատերազմի, սակայն վստահ եմ, որ ազգը սթափ ու իմաստուն կգտնվի և այդ քայլին չի գնա՝ թույլ չտալով, որ մի քանի շնաձուկ խժռի ազգին»,- ասաց նա։

Գագիկ Գինոսյանը կոչով դիմեց նաև սփյուռքին և բոլոր կարող հայերին՝ կանգնելու ոչ թե բանակի կողքին, քանի որ բանակն այսօր ենթակա է այն նույն կառավարությանը, որը գերիների և մնացածների հարցերը չի լուծում, այլ կանգնեն սահմանապահ գյուղերի կողքին։  Օգնեն այդ գյուղերին, որպեսզի կարողանան պահել սահմանները։

«Ընտրությունների ժամանակ, եթե ադրբեջանցիների համար ոչ շահավետ լինի ընտրությունների ելքը, նրանք կփորձեն ոտնձգությունները խորացնել մեր սահմանների նկատմամբ, այդ պատճառով էլ՝ բոլորս դեպի սահման. սահմանը պահելու կարիք կա»,- եզրափակեց Գագիկ Գինոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս