Մեր ֆիզիկական արթնության ժամերին մշտապես զբաղված ենք գործերով…
Մեր ֆիզիկական արթնության ժամերին մշտապես զբաղված ենք գործերով: Երբեմն այդ գործերը հենց ինքներս ենք մեզ համար ստեղծում, երբեմն էլ դրանք կարևոր ու էական չեն, չունեն տեսանելի արդյունք: Սակայն միաժամանակ ֆիզիկական արթնության ժամերին մարդ շարունակ փնտրում է որևէ գործ, զբաղմունք: Չէ՞ որ հենց գործերով է, որ զգում է, թե գոյություն ունի, կարևոր է:
Քչերս ենք, սակայն, ուշադրություն դարձնում հոգևոր արթնությանը: Իսկ ի՞նչ է այն: Նախ և առաջ հոգևոր արթնություն է, երբ մարդ բացում է իր հոգու աչքերը: Հոգևոր արթնության դրսևորում է, օրինակ, ապաշխարությունը: Երբ մարդ թեպետ դրսևորել է հոգևոր կուրություն մեղքի հանդեպ և գործել է այն, սակայն արթնանում է հոգևոր նիրհից և ապաշխարում, զղջում:
Մեր հոգևոր արթնությունը դրսևորվում է ոչ միայն այս, այլ նաև շատ այլ կերպերով, ինչպիսին է նաև բարիք գործելն ու օգնությունը նրանց, ովքեր մեր կարիքն ունեն: Հոգևոր արթնությունը ենթադրում է փոխակերպում, հրաժարում չարից և վերադարձ բարուն:
Մեր ձգտումները դեպի աստվածայինը չեն կարող լինել աղոթքի բացակայությամբ: Աղոթքն է, որ զորացնում է մեր հոգիները և ստեղծում յուրաքանչյուր քրիստոնյայի համար ամենաերանելի զրույցն Աստծո հետ: Աղոթքով է, որ կարող ենք խնդրել հոգու արթնություն, որ կարող ենք պահպանել արթնությունն ու ծառայեցնել այն դրական գործերի: Աղոթքն է, որ մշտապես մեր հոգիները պահում է արթուն ու բաց՝ Աստծո առաջ: Աղոթքն է փրկում մեր հոգիները, հանում դրանք թմբիրից, մղում դեպի լույսը, աստվածայինը: Աղոթքով է մեր հոգին զգում իր գոյությունը:
Աստծուն ճանաչո՞ւմ եմ ցանկանո՞ւմ եմ ճանաչել: Ուրեմն՝ աղոթում եմ Նրան: Իսկ եթե աղոթում եմ, նաև ցանկանում եմ փրկվել: Ուրեմն՝ հետևում եմ Քրիստոսի այս խոսքին. «Արթուն մնացեք և աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք» (Մատթ. 26:41):