Բաժիններ՝

Ի՞նչ ապոկալիպտիկ սցենար են դիտարկել ԿԲ-ում, և ինչո՞ւ է նվազել վարկերի նկատմամբ պահանջարկը, եթե պնդում են՝ տնտեսությունը վերականգնվում է․ Պարզաբանում է ԿԲ նախագահը

Մեր վարկատեսակների հիմնական մասը բիզնես վարկերն են, մոտավորապես 67 տոկոս, 24 տոկոս հիպոթեքային վարկերն են, այս տարվա ընթացքում ունենք վարկային ռեսուրսների նկատմամբ պահանջարկի նվազում, հայտերի պահանջարկը էական նվազում է արձանագրել․ 2020 թ. «Ֆինանսական կայունության հաշվետվությունը» ներկայացնելիս անդրադառնալով վարկային միտումներին՝ նշեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա նաև նշեց, թե ինչ է արել Ֆինանսական համակարգը 2020 թվականին «արհավիրքին» դիմակայելու համար․ «Ֆինանսական կազմակերպությունների կողմից մոտավորապես 1.3 տրիլիոն դրամի վարկ է վերանայվել (շուրջ 980 հազար վարկային պայմանագրերի մասին է խոսքը), բավականին ակտիվացել են առցանց ծառայություններն ու անկանխիկ գործարքները, ռազմական դրությամբ պայմանավորված՝ ֆինանսական համակարգը մոտ 2.5 միլիարդ դրամի չափով ներել է Արցախի պատերազմում զոհված անձանց, նրանց հարազատների, նաև հաշմանդամություն ստացած անձանց վարկերը»։

Մ․Գալստյանը հայտնեց, որ առաջին անգամ այս հաշվետվության մեջ հրապարակել են ԿԲ կողմից իրականացված սթրես թեստերը՝ մանրամասնելով, որ դրանք ծայրահեղ վատ սցենարի, շատ ցածր հավանականություն ունեցող սցենարի մոդելավորումն են մեր ֆինանսական համակարգի վրա․ «Վերցնում ենք մակրոմիջավայրի սցենար, դրա արդյունքում փորձում ենք հասկանալ, թե վարկային կորուստներն ինչպիսին կլինեն, ու տեսնում ենք՝ արդյոք կապիտալի համարժեքությունը բավարա՞ր է այդ արհավիրքին դիմակայելու համար։

Ու մեր սթրես թեստերը ցույց են տալիս, որ բանկային համակարգի կապիտալի համարժեքությունը, ամեն դեպքում, ավելի բարձր է մնում նույնիսկ այդ ծայրահեղ վատ սթրեսային սցենարի դեպքում, որ մենք 2021 թվականի համար անում ենք (այսինքն՝ հերիք չի 2020թ․ է վատ տարի շատ, մի հատ էլ դնում ենք ավելի վատ տարի 2021թ․, որ տեսնենք՝ եթե 2021թ․ շատ վատ տարի լինի, բանկային համակարգը կկարողանա՞ կլանել այդ պրոբլեմները, թե՞ ոչ, ու տեսնում ենք, որ բանկային համակարգը միջինում մնում է 12 տոկոսից ավելի բարձր մակարդակի վրա»։

Լրագրողի հարցին ի պատասխան՝ ԿԲ նախագահը բացեց փակագծերը, թե այդ հետազոտության համար ինչ սցենարներ են դիտարկել․ «Սցենարը մոտավորապես ապոկալիպտիկ սցենար է, որ մենք, ենթադրենք, անցնում ենք համավարակի մի նոր փուլով, որ նորից լոքդաունի ենք գնում, ու դրա պարագայում ստեղծված իրավիճակում մեր անկումը 2021 թվականի ընթացքում՝ նախորդ տարվա մինուս 7.4-ի համեմատ՝ այս տարի լինում է ևս մոտ 14 տոկոս՝ իր բոլոր հնարավոր ածանցյալ հետևանքներով»։

Հարցին էլ, թե ինչո՞վ է պայմանավորված վարկերի նկատմամբ պահանջարկի նվազումը, եթե իշխանությունները պնդում են, թե տնտեսությունը վերականգնվում է, նա պատասխանեց․

«Կարելի է ասել, որ տնտեսությունը սկսում է շնչել, բայց արդյո՞ք մարդիկ այս պահի դրությամբ նախընտրում են որոշակի ռիսկի գնալ ու բիզնես պրոյեկտների մեջ մտնել, իրականացնել որոշակի ներդրումներ, թե՞ նաև ակնկալում են, որ պետությունը պետք է նախորդ տարվա աջակցության ծրագրերը շարունակի, որոնք բավականին դրական ազդեցություն ունեցան։ Այդ առումով, ես կդժվարանամ ասել, բայց մենք տեսնում ենք, որ, օրինակ, միգուցե մարդկանց մոտ նաև հետաձգված սպառման էֆեկտ կա՝ այսինքն՝ մարդիկ եթե լվացքի մեքենա կամ հեռուստացույց պետք է փոխեին, կամ նորը պետք է ձեռք բերեին, նախընտրում են չանել, սպասել, մինչև եկամուտները վերականգնվի, որպեսզի ավելի խելամիտ լինի իրենց կողմից իրենց ֆինանսների կառավարումը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս