Նուր-Սուլթանում տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի նախագահների հանդիպումը

Աշխատանքային այցով Նուր-Սուլթանում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Հանդիպմանը մասնակցել են Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդին, առևտրի և ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը, պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով Հայաստանի նախագահին՝ նախագահ Տոկաևը մասնավորապես ասել է, որ թեև նրա այցն աշխատանքային է, այդուհանդերձ, այն մեծ կարևորություն ունի, քանի որ հավելյալ խթան կհանդիսանա երկու երկրների համագործակցության համար: «Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Մեր երկրների միջև հարաբերություններն ու համագործակցությունը հիմնված են ավանդույթների վրա,-ասել է Ղազախստանի նախագահը: -Բնականաբար, շահագրգռված ենք, որ այս համագործակցությունը տեղում չմնա, այդ իսկ պատճառով մեր երկրների կառավարությունները ու համապատասխան գերատեսչություններն աշխատում են, որ հասնեն այդ նպատակին:

Մենք աշխատում և համագործակցում ենք կարևոր ինտեգրացիոն կառույցում՝ Եվրասիական տնտեսական միությունում, ՀԱՊԿ անդամ ենք, սերտ փոխգործակցում ենք ԱՊՀ-ում, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ կառույցներում: Կարծում եմ, այս ամենը պետք է ունենա դրական շարունակություն»:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Ինձ համար Ղազախստան այցը մշտապես ինչ-որ առումով այց է բարեկամներին: Ինչպես նշեցիք՝ մեր ժողովուրդները, իսկ վերջին տարիներին նաև՝ պետություններն ունեն խոր և դեպի հեռավոր անցյալը գնացող հարաբերություններ:

Համաձայն եմ, որ մեր երկրների փոխգործակցության ներուժը մեծ է: Չնայած մեր պետությունները ֆիզիկապես իրարից գտնվում են որոշակի հեռավորության վրա, բայց 21-րդ դարում առևտրի, նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ մեր երկրները դառնում են շատ ավելի մոտ: Անշուշտ, համագործակցության հնարավորությունների ծավալը շատ մեծ է՝ կրթական, նոր տեխնոլոգիաների, սննդամթերքի վերամշակման ոլորտներ…Կցանկանայի, համագործակցությունը շատ ավելի խոր և ընդգրկուն լինի»:

Հայաստանի և Ղազախստանի նախագահները խոսել են Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ շրջանակում համագործակցության մասին: Հայաստանի նախագահն անդրադարձել է հետպատերազմյան շրջանում Հայաստանում և տարածաշրջանում ի հայտ եկած խնդիրներին ու մարտահրավերներին:

Հայաստանի և Ղազախստանի նախագահները քննարկումները շարունակել են առանձնազրույցի ձևաչափով: Քննարկումների առանցքում կրկին եղել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս