Առանց Ռուսաստանի և ռուսական բանակի Արցախում մնալը անհնար է. Արայիկ Հարությունյան

Անցած օրերին աշխատանքային այցով եղել եմ Մարտունու շրջանի Թաղավարդ, Կարմիր շուկա և Ասկերանի շրջանի Սարուշեն, Շոշ, Խանապատ և Խրամորթ համայնքներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Տեղերում բնակիչների հետ քննարկել ենք ինչպես անվտանգային, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրները: Հանձնարարականիս համաձայն՝ այդ համայնքներում աշխատուժի ավելացման հաշվին նոր թափ կստանան շինարարական աշխատանքները:

Շրջայցիս ընթացքում հետևել եմ նաև մեր երկրի տնտեսական խոշոր նախագծերից՝ Կարկառ գետի գլխավոր հանգույցի շինաշխատանքներին, որոնց ավարտից հետո արդեն գալիք տարեսկզբից 2000 հա հողատարածք ոռոգովի կդառնա»,- գրել է նա և կցել տեսանյութ:

Տեսանյութում Հարությունյանը հայտնել է. «Մենք պայքարելու ենք անկախության համար և չենք համակերպվելու Ադրբեջանի կազմում լինելու հետ: Անկախության օրակարգը մնալու է, դա երկար պրոցես է և մենք դրան հասնելու ենք»:

Հարությունյանը Մարտունու շրջանի Թաղավարդ համայքնի բնակիչների հետ հանդիպմանը նշել է՝ մինչև ամառվա վերջը ասֆալտապատումն ավարտելու են: «Թաղավարդ մեր երկրի պատկերն է, ինչպես կորցրել ենք երկրի մի մասը, կորցրել ենք Թաղավարդի մի մասը: Կենաց մահու կռիվ ենք տվել, իհարկե, ունեցել ենք խուճապի և փախուստի դեպքեր, բայց Թաղավարդը ամենավառ օրինակն է՝ 20 օր փորձել են գրավել Թաղավարդը, Կարմիր շուկան, որպեսզի ճանապարհ հարթեն Ֆիզուլի, Կարմիր Շուկա, Շուշի քաղաքի համար»,- ասել է Հարությունյանը և հավելել՝ Արցախի ապագան առանց Ռուսաստանի անհնար է. «Մեր երկրի ապագան առանց Ռուսաստանի, առանց ռուսական բանակի համատեղ ջանքերով անհնարին է տարածաշրջանում խաղաղություն ապահովելը կամ Արցախում մնալը»:

Տեսանյութեր

Լրահոս