Արժեզրկման նոր ռեկորդ Թուրքական լիրան կես տարում 15% անկում է գրանցել դոլարի նկատմամբ
Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, հունիսի 1-ին արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
2020թ. մայիսի 28-ին դոլարի նկատմամբ սահմանված 8.61 լիրա փոխարժեքից հետո, որը լիրայի պատմական ռեկորդն էր, հունիսի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տոկոսադրույքների վերաբերյալ հայտարարությունից հետո սահմանվել է 1 դոլարի դիմաց ամենաբարձր փոխարժեքը՝ 8.8008 թուրքական լիրա:
Արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են 1 եվրո/ 10.75 լիրա փոխարժեքով: Ֆունտ ստերլինգ-լիրա փոխարժեքն էլ հետևյալ պատկերն ուներ՝ եվրո / 12.20 լիրա։
Այս արդյունքները թուրքական արժույթի՝ մինչ այս պահը երբևէ չգրանցած արժեզրկման ռեկորդներ են։
Էրդողանը նախօրեին հայտնել էր. «Հանդիպել եմ Կենտրոնական բանկի նախագահի հետ: Այլ կերպ ասած մենք ստիպված ենք մեկ անգամ իջեցնել տոկոսադրույքները»:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ տարեսկզբից մինչ այժմ թուրքական լիրայի արժեզրկումը հատել է 15 տոկոսը: