«Նման հարց տալու անհրաժեշտություն չկար՝ իհարկե ձայնը տալու եմ գործող իշխանությանը». ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ տեղին չէ հարցը՝ այս իշխանություններին վստահո՞ւմ է, թե՞ ոչ։

«Նման հարց տալու անհրաժեշտություն չկար, ուստի կարող եք տալ հաջորդ հարցը, որովհետև ձեր հարցի պատասխանը միանշանակ է։ Իհարկե ընտրություններին մասնակցելու եմ, իհարկե ձայնը տալու եմ գործող իշխանությանը, այդքանը միանշանակ է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահը։

Հարցին՝ կարո՞ղ է նշել երեք պատճառ. որոնց հիմքով հանրությունը պետք է ընտրի ներկայիս իշխանությանը, Էդուարդ Հովհաննիսյանը պատասխանեց, որ ինքն ունի իր որոշումը և դրանում ունի իր հիմնավորումներն ու պատկերացումները։

«Այն գնահատականները, որոնք ունեմ, ուղղակի չեմ պատրաստվում այստեղ հնչեցնել, դրանք երեքը չեն, դրանք բազմաթիվ են։ Դա իմ իրավունքն ու որոշումն է և ամենևին չեմ պատրաստվում կիսվել ձեզ հետ»,- շեշտեց ՊԵԿ նախագահը։

Էդուարդ Հովհաննիսյանն անդրադարձավ նաև համացանցում տարածված տեսանյութին, որն արվել էր Աբովյանի դիահերձարանում, որտեղ պահվում են զոհված տղաների դիակներն ու մասունքները։

«Շատ վատ գնահատական պետք է տամ, այդ արարքին այլ գնահատական կա՞, կամ որևէ մեկն այդ արարքին կարո՞ղ է այլ գնահատական տալ։ Պաշտոնանկություններ կլինեն, թե՝ ոչ, դա կորոշեն իրավասու անձինք, ես որպես հայ մարդ, որպես ՀՀ քաղաքացի՝ իմ բացասական վերաբերմունքն եմ ունեցել այդ ամենի վերաբերյալ»,- նշեց ՊԵԿ ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս