«Չունեմ նման տեղեկություններ՝ տերմինալ կառուցվո՞ւմ է, թե՞ ոչ». ՊԵԿ նախագահը՝ Մեղրիում մաքսային տերմինալ կառուցելու մասին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ապրիլ ամսվա հավաքագրված հարկային եկամուտները պատմական է համարել, քանի որ 2020 թվականի ընթացքում շահութահարկի կանխավճարի մեխանիզմի վերաբերյալ կատարվել են օրենսդրական փոփոխություններ, որի արդյունքում էլ հավաքվել է մեծ չափի շահութահարկ։
«Այդ փոփոխության շնորհիվ 2020 թվականի արդյունքում, որ պետք է շահութահարկն ավելի հավաքագրեին, տեղափոխվեց 2021 թվական և տեղ գտավ ապրիլ ամսվա հավաքագրվող եկամուտների շարքում։ Հիմնական գործոնը սա է եղել, որ ապրիլ ամսին հավաքագրվել են 180 մլրդ դրամ հարկային եկամուտներ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահը։
Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ կա տնտեսության որոշակի աշխուժացման գործընթաց և իրականացվող վարչարարություն, ինչպես նաև քաղաքացիների, տնտեսվարողների ինքնագիտակցության, իրավիճակը ճիշտ գնահատելու արդյունքում բարձրացել է հարկային կամավոր կարգապահությունը։
ՊԵԿ ղեկավարը վստահեցրեց, որ այս հարցում առաջընթաց կա։
Էդուարդ Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Մեղրու մաքսային տերմինալին, որը տևական ժամանակ է՝ չի գործում: Լրագրողների հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ տեղեկություն չունի՝ այնտեղ հայտնաբերված խախտումները վերացրե՞լ են, թե՞ ոչ։
«Տեղյակ եմ, որ այդ ուղղությամբ կայացված ակտը բողոքարկվել է դատարան»,- շեշտեց Է. Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է տարածված լուրերին, որ Խաչատուր Սուքիասյանը Մեղրիում նոր տերմինալ է կառուցում, ՊԵԿ նախագահն այսպես մեկնաբանեց. «Ես չունեմ նման տեղեկություններ՝ տերմինալ կառուցվո՞ւմ է, թե՞ ոչ, կամ ով է կառուցում, եթե դուք տեղյակ եք, ես ձեզանից իմացա։ Տերմինալ կառուցելու վերաբերյալ մենք նման ընթացակարգ չունենք, որ մեզ պետք է դիմեն, նոր կառուցեն, հնարավոր է՝ կառուցեն, նոր դիմեն»։