
ԲԴԽ-ից պնդում են՝ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ շենքում զինված անձ չի հսկում

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակն ու ծառայողական մեքենան, այսպես ասած՝ «իրենով անելուց» հետո կարծես խիստ մտահոգ է իր կյանքին ու առողջությանը վերաբերող հարցերով: Ասում են՝ դարձել է շատ կասկածամիտ ու վախվորած:
168.am-ին տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժ/պ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ շենքում հսկում է անվտանգության աշխատակից, ով զինված շրջում է շենքում, ինչին ականատես է ԲԴԽ և Դատական դեպարտամենտի ողջ աշխատակազմը:
Մեզ տեղեկացրեցին, որ նշված անձը շենքում Գագիկ Ջհանգիրյանին ուղեկցում է ամենուր՝ անգամ հարկից հարկ տեղաշարժվելու ժամանակ, իսկ երբ վերջինս աշխատասենյակում է լինում, նա կանգնում է դրսում, դռան մոտ:
Մեր աղբյուրը նշեց, որ տեղյակ չեն՝ ով է այդ զինված անձը:
Հայտնի է, որ երբ Ռուբեն Վարդազարյանը դարձավ ԲԴԽ նախագահ, նա հրաժարվեց թե թիկնապահից, թե ուղեկցող մեքենայից:
Երեկ էլ hraparak.am-ի հետ զրույցում նա ասել է, որ երբեք դրա կարիքը չի զգացել, հիմա էլ չի զգում: Նրա՝ այդ որոշումից հետո՝ 2019թ., ուժը կորցրած ճանաչվեց վարչապետի այն որոշումը, որով անվտանգության աշխատակից և ուղեկցող մեքենա էր տրամադրվում ԲԴԽ նախագահին:
Այս համատեքստում Դատական դեպարտամենտին ուղղված մեր գրավոր հարցմամբ ցանկացել էինք տեղեկանալ՝ ի՞նչ հաստիք է զբաղեցնում Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ շենքում ուղեկցող և հսկող անձը, և արդյոք նա զենք կրելու իրավունք ունի՞, թե՞ ոչ:
ԲԴԽ-ից մեզ պատասխանել էին, որ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին Խորհրդի վարչական շենքում որևէ անձ չի հսկում:
«Վերջինիս՝ որպես Խորհրդի անդամի, կյանքի, առողջության, արժանապատվության, իրավունքների և ազատությունների հանցավոր և հակաիրավական այլ գործողություններից պաշտպանությունն իրականացնում են Դատական դեպարտամենտի Դատական կարգադրիչների ծառայության համապատասխան դատական կարգադրիչները, ովքեր ծառայություն իրականացնելիս զենք չեն կրում՝ այդպիսիք դեռևս հատկացված չլինելու պատճառով»,- մասնավորապես գրված էր ԲԴԽ պատասխանում: