«Նման բան անգամ թուրքը չէր անի իր զինվորի նկատմամբ, ինչպե՞ս կարելի է հերոս տղաների նկատմամբ նման վերաբերմունք դրսևորել». ՊՆ պաշտոնյան՝ Աբովյանի դիահերձարանում կատարվածի մասին

Պետք է պատժվեն ոչ միայն դիահերձարանի պահակները, դիահերձողները, գլխավոր բժիշկը, այլև նրանց ղեկավարներն ամենավերևից, եթե իրենց մեղքի բաժինն ունեն:

168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, 44-օրյա պատերազմի արդյունքում անհայտ կորած զինծառայողների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ Գևորգ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում արված սահմռկեցուցիչ տեսանյութին, որտեղ մեր նահատակ զինվորների մարմինները կամ մասունքներն էին՝ պարկերի մեջ, գետնին գցված:

«Նման բան անգամ թուրքը չէր անի իր զինվորի նկատմամբ, ինչպե՞ս կարելի է հերոս տղաների նկատմամբ նման վերաբերմունք դրսևորել: Ես՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, պահանջում եմ շտապ ծառայողական քննություն անցկացնել, որի արդյունքում, հուսով եմ, քրգործ կհարուցվի, և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Առանց ամաչելու էլ այս ամենի պատասխանատու ղեկավարները Հանրային հեռուստաընկերությամբ ելույթ են ունենում և արդարանում, թե մարմինները գտնվել են համապատասխան պայմաններում: Փաստ է՝ գործ ունենք առնվազն մի իրողության հետ, երբ վերահսկողություն չի իրականացվել վերադասի կողմից»,- նշեց նա:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ իշխանությունները որոշել են ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչին և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակցի ազատել աշխատանքից, իսկ ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն: Ըստ էության, սրանով այս սարսափելի թեման փակում են:

Նշենք, որ ՀՀ Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել էր, թե 200 դի թաքցնելու մասին խոսք լինել չի կարող:

Եվ եթե Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը գոնե ներողություն էր խնդրել՝ ընդունելով, որ մասունքները ոչ պատշաճ պայմաններում են պահվել, ապա Մհեր Բիշարյանն անգամ դա չի արել, փոխարենը պնդել է՝ դիահերձարանում ջերմաստիճանային պայմանները ոչ բարենպաստ ազդեցություն չէին կարող ունենալ զինվորների մասունքների կամ մարմինների վրա:

Ի դեպ, ըստ շրջանառվող տեղեկությունների, զոհված զինվորների դիերն Աբովյանի դիահերձարան հրահանգել է տանել անձամբ Արսեն Թորոսյանը:

Հավելենք, որ օրեր առաջ 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, 44-օրյա պատերազմի արդյունքում անհայտ կորած զինծառայողների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ Գևորգ Մարտիրոսյանը հայտնել էր, որ ներկա պահին ունենք մոտ 160 աճյուն, երբ հարազատներն անհայտ են:

Մեր տեղեկություններով՝ նաև այս աճյուններն են գտնվել և գտնվում Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում և Մարտունու դիահերձարանում:

Տեսանյութեր

Լրահոս