«Նիկոլ Փաշինյանը շատ հստակ հասկանում է, որ ինքը չի հաղթելու». Վիգեն Հակոբյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքագետ Վիգեն Հակոբյանն ասաց, որ մենք այժմ ականատես ենք երկու գլոբալ գործընթացի, որից մեկը տեղի է ունենում մյուսի ֆոնին՝ գնում ենք արտահերթ խորհրդարանական  ընտրությունների սահմանային լարվածության ֆոնին, և դա ազդում է նախընտրական գործընթացների վրա:

«Այն, ինչ տեղի է ունենում սահմանային գոտում, մարզերում, բնականաբար, ազդում է նախընտրական պայքարի տրամաբանության վրա, հռետորաբանության, բովանդակության վրա, քաղաքական ուժերի քաղաքական օրակարգի վրա, նախընտրական պայքարի օրակարգի վրա: Մենք հիմա արձանագրում ենք, որ իշխանությունը փորձում է իրարից տարանջատել այս երկու գործընթացները»,- ասաց Հակոբյանը:

Քաղաքագետը բնորոշմամբ՝ նախընտրական պայքարը բավականին կոշտ է սկսվել:

«Առայժմ հռետորաբանությունն է կոշտ, առայժմ փոխադարձ մեղադրանքներն են կոշտ, բայց ասել, որ որևէ խոշոր անակնկալ կա, ես չէի ասի, որովհետև կանխատեսվում էր, որ իշխանությունը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը, իր նախընտրական արշավը կառուցելու է երկու հիմնական թեզի վրա՝ «ինչ եղել է, ինչ կա, ինչ լինելու է, նախկիններն են մեղավոր, ընդհուպ՝ մինչև պատերազմում պարտությունն ու կապիտուլյացիայի ստորագրումը», երկրորդը՝ նա իր թիրախային խմբին, իր ընտրազանգվածին դիմելու է  հերթական խոստումով, որ՝ եթե ես վերարտադրվեմ, մենք վերարտադրվենք, ապա թավիշ այլևս չի լինելու, տեսանք, որ արդեն խոստացվեց՝ «թավիշը փոխարինվելու է երկաթով»,- ասաց Հակոբյանը:

Քաղաքագետը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավից այլ բան սպասել պետք էլ չէ, քանի որ այս իշխանությունն այլ ասելիք չունի:

«Սովորաբար գործող իշխանությունը, երբ փորձում է վերարտադրվել, ինքը հաշվետվությամբ է հանդես գալիս, այստեղ հաշվետվությամբ հանդես գալը գործող իշխանության համար շահեկան չէ, քանի որ ավանդական ասֆալտ փռելուց բացի, շատ դժվար է գտնել որևէ բան, իհարկե, միշտ կարելի է մոգոնել ավանդական 100 փաստը, բայց կարծում եմ, որ այդ ժամանակներն անցել են»,- ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ քաղաքական ուժերի պայքարը հիմա չկողմնորոշված ընտրազանգվածի համար է, իսկ նրանք շատ են:

«Չկողմնորոշված ընտրազանգվածը որոշ հարցումների համաձայն՝ տատանվում է 30-40 %-ի շրջանակում, որոնք տարբեր հարցումներում, տարբեր ֆոկուս գրուպներում իրականացված ուսումնասիրություններով ցույց են տվել, որ կա ինչ-որ զանգված, որը կա՛մ ասում է՝ չեմ մասնակցելու, կա՛մ՝ չեմ կողմնորոշվել: Նիկոլ Փաշինյանն ունի մի կայուն ընտրազանգված, որի համար բացարձակապես մեկ է, թե Փաշինյանն ինչ է խոսում, ինչ է անում, եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը, այն բանից հետո, որ հայտարարեց, թե ինքը հպարտանում է պարտությամբ, հայտարարի, որ վաղը հրաման է տալու՝ մինչև Երևան բոլոր զորքերը հետ քաշվեն, դա նույնպես իր ընտրազանգվածի համար մեկ է, քանի որ այն ավելի շատ նման է աղանդավորական ինչ-որ մի շրջանակի, որտեղ այդ սկզբունքներն են աշխատում, որն իր համար փրկիչ է մոգոնել, նկարը կախել է պատին և որպես փրկիչ է իրեն նայում»,- ասաց քաղաքագետը:

Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի կայուն ընտրազանգվածի թիվը կրճատվել է, և կազմում է ոչ ավելի, քան 25 տոկոս: Հետևաբար՝ գործող իշխանությունն ունի երկու խնդիր:

«Նիկոլ Փաշինյանը շատ հստակ հասկանում է, որ ինքը չի հաղթելու: Նկատի ունեմ, որ ինքն ունի իր ընտրազանգվածը, որը միգուցե քիչ չէ, բայց բավարար չէ, որ հաղթես, դա չի նշանակում, որ արդեն կարող ենք ասել, թե ով է հաղթելու, բայց քանի որ իր ձայները բավարարում են մտնել խորհրդարան, այնտեղ ֆրակցիա ունենալ, բայց բավարար չեն, որ կարողանա իշխանություն ձևավորել, վերարտադրվել, կառավարություն ձևավորել, վարչապետ դառնալ, ինքը կարիք ունի որևէ կոալիցիա ձևավորել, որ կարողանան միասնական ուժերով նոր իշխանություն ձևավորել, այստեղ գալիս է իր երկրորդ պրոբլեմը, որ առայժմ չեն երևում այն սատելիտ քաղաքական ուժերը, այն քողարկված կամ բացահայտ պրոիշխանական միավորումները կամ  քաղաքական ուժերը այդ մասնակիցների մեջ, որոնց դեպքում կարելի է հստակ կանխատեսել, որ իրենք ընդհանրապես անցնելու են խորհրդարան, որ հետո փորձեն կոալիցիա ձևավորել, ի տարբերություն ընդդիմության:

Այդ հայտարարությունները, որ «մենք պետք է 60 տոկոս վերցնենք», քաղաքական տեխնոլոգների մոտ կոչվում է՝ «ինֆորմացիոն աղմուկ է բարձրացվում», փորձ է արվում մեդիա դաշտը, սոցիալական դաշտը լցնել սենսացիոն, շատ դեպքերում՝ անհեթեթ, բայց քննարկման առարկա դարձող հայտարարություններով, ինչպես, օրինակ՝ «հպարտանում եմ պարտությամբ»: Այնպիսի անհեթեթ, մեղմ ասած, տարօրինակ հայտարարություններ են արվում, որոնց չես կարող ուշադրություն չդարձնել, և փորձում է այդ խոսակցություններով շեղել ուշադրությունը գերիների, ադրբեջանցի զինվորների և այլ թեմաներից: Այդ տեխնոլոգիան է կիրառում»,- ասաց Հակոբյանը:

Քաղաքագետը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն թեզին, որ իրենց վերարտադրումը բերելու է խաղաղության տարածաշրջանում, ասաց.

«Պատերազմից հետո 7-8 ամիսը ցույց տվեցին, որ այդ թեզը բլեֆ է, որտեղ սահմանն է, այնտեղ կրակելու են, սահմանն  Արցախն էր, այնտեղ էին կրակում, սահմանը Շուռնուխում է, կրակելու են Շուռնուխում, Վարդենիսում է, կրակելու են Վարդենիսում»:

Քաղաքագետի կարծիքով, սակայն, կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար ընդդիմադիր ուժերի շանսերն առավել մեծ են:

«Ընդդիմության գլխավոր դերակատարներն են «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Պատիվ ունեմ» դաշինքը: Այս ուժերը և՛ մտնելու են խորհրդարան, և՛ ունենալու են այնքան մանդատներ, տոկոսներ, որ կարող են իրենց թույլ տալ կոալիցիոն իշխանություն ձևավորել, եթե կարողանան իրար հետ պայմանավորվել»,- ասաց Հակոբյանը:

Քաղաքագետը կարևորեց, որ այս բոլոր ուժերն արդեն հրապարակային ասել են, որ կոալիցիա չեն կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ: Վիգեն Հակոբյանը չբացառեց նաև, որ ՀԱԿ-ը կարող է հաղթահարել խորհրդարան մտնելու համար նախատեսված շեմը, քանի որ ունի կայուն ընտրազանգված և կարող է գրավել Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի մտածող մարդկանց:

Հարցին, թե ինչ կլինի, եթե գործող իշխանությունը գնա ընտակեղծիքների, քաղաքագետը պատասխանեց, որ իր կարծիքով՝ հենց այդ գիշեր ընդդիմությունը դուրս կգա փողոց:

Տեսանյութեր

Լրահոս