Գորգի վրա կարևորը մտքի ճկունության և մարմնի հնարավորության համահունչ լինելն է. Կարեն Ասլանյան

Հայաստանի հունահռոմեական ոճի օլիմպիական հավաքականն արդեն սկսել է արտասահմանյան հավաքը, որով նախապատրաստվում է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին: Հավաքականի 4 մարզիկներից մեկը, որը Տոկիոյի Խաղերում կփորձի մեդալների համար պայքար մղել 67 կգ քաշային կարգում, «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020» նախագծի հերոսը Կարեն Ասլանյանն է: Նա Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր է: 25-ամյա մարզիկը պրոֆեսինալ սպորտում է 2000-ական թվականներից:

-Կարեն, պատմեք խնդրեմ, թե ինչպես եք սկսել հետաքրքրվել ըմբշամարտով:

-Այնպես չէ, որ հատուկ ընտրել եմ ըմբշամարտ մարզաձևը: Առաջին անգամ մարզումներին ինձ տարել է եղբայրս, ով ևս մարզվում էր այս մարզաձևով: Առաջին քայլերս արել եմ 12 տարեկանում: Եթե անկեղծ, մարզադահլիճն էլ մոտ է. հենց դա էլ ընտրեցինք: Մարզումների ընթացքում հասկացա, որ վատ արդյունքներ չունեմ: Հիմա արդեն եղբայրս չի մարզվում, միայն ես եմ:

-Դուք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեցինք վերջին վարկանիշային մրցաշարում: Ամփոփեք խնդրեմ այն:

-Գիտեի և հասկանում էի, որ վերջին հնարարովորությունն է Օլիմպիական խաղերին մասնակցելու: Բայց եթե ասեմ, որ լարված էի, ոչ այդպես չէ։ Ինքս ինձ ամբողջապես տրամադրել էի գոտեմարտերին, որ նվիրվելու եմ, որ պայքարելու եմ ամբողջ ուժերով, որ ինձ չեմ խնայելու: Նաև լավ նախապատրաստվել էի, որի համար ուզում եմ շնորհակալությունս հայտնել մարզիչներիս` Սամվել Գևորգյանին, Պետրոս Մկրտչյանին, հավաքականի մարզիչներին: Հույս ունեմ` առավել լավ նախապատրաստված կլինեմ Տոկիոյի խաղերում:

-Սա ձեր առաջին Օլիմպիական խաղերն են: Այն բացառիկ երևույթ է բոլոր մարզիկների համար: Ի ՞նչ ակնկալիքներ ունեք:

-Գնալու եմ Տոկիո, այնտեղ աշխատելու իմ ներուժի առավելագույնով: Յուրաքանչյուր հաղթանակ և յուրաքանչյուր պարտություն Աստծո կողմից է: Նա է տալիս և նա է վերցնում: Ես կարող եմ խոսք տալ միայն այն, որ պայքարելու եմ մինչև վերջին վայրկյանը և չեմ խնայելու ուժերս:

-Իսկ իրատեսական եք համարո՞ւմ մեդալների համար պայքարը:

-Իհարկե, եթե մեկ րոպե կասկածեմ, որ չեմ պայքարելու մեդալի համար, ապա պարզապես խաղերին գնալու, պարզապես մասնակցելու համար չեմ գնա: Չեմ անցնի այս ճանապարհը, որը շատ բարդ :

-Իսկ ի ՞նչ դեր ունի ձեզ համար հոգեբանորեն պատրաստ լինելը:

-Մեծ դեր եմ տալիս հոգեբանորեն պատրաստ լինելուն: Մրցաշարերից առաջ դա կարևոր կետերից մեկն է: Եթե խոսենք ըմբշամարտի լեզվով, ապա երբ չափից դուրս լարվածության պատճառով «վառվում» ես կամ հակառակը` չափից դուրս հանգստությունը բերում են անհաջողության, այս դեպքում միակ ելքը նախապես հոգեբանորեն պատրաստվելն է: Պետք է գտնել այս երկուսի ոսկե միջին վիճակը:

-Ի ՞ նչն եք կարևորում գորգ մտնելիս:

-Պրոֆեսինոնալ սպորտում մանրուքներ չկան, կարևոր է ամեն ինչ` ֆիզիկական ունակությունները, հանգստությունը, մարզիչներին լսելու կարողությունը: Բայց կարևորն այն է, որ մտքիդ ճկունությունը և մարմնիդ հնարավորությունները համահունչ լինեն: Լինում են գոտեմարտեր, երբ ուղեղդ լավ աշխատանքի է անում, բայց մարմինդ չի ենթարկվում քեզ և հակառակը:

-Ըստ ձեզ, ո ՞րն է ըմբշամարտ մարզաձևի գեղեցկությունը:

-Ժամանակակից հունահռոմեական ոճի ըմբշամարտը շատ է փոխվել: Այն հնարքներով հարուստ չէ, ինչը չի գեղեցկացնում մարզաձևը: Ըմբշամարտի գեղեցկությունը հիմնականում ոչ թե գորգի վրա, այլ ըմբշամարտի գեղեցկությունը գորգից դուրս է` այն ընտանեկան մթնոլորտը որ կա մարզիկների միջև ամբողջ աշխարհում:

-Ի ՞նչ կարծիք ունեք ձեր քաշային կարգում հանդես եկող մարզիկների մասին և որո՞նց կառանձնացնեք:

-Չկան այնպիսի մարզիկներ, որոնց կառանձնացնեմ: Օլիմպիական խաղերում էլ պատահական մարզիկներ չեն լինում: Յուրաքանչյուրն, ով մասնակցում է, արդեն իսկ ընտրյալ է, նա արժանացել է խաղին մասնակցելու: Կան ոճային առանձնահատկություններ, որոնց պետք է ընտելանալ: Սակայն առհասարակ ոչ մեկին իրավունք էլ չունենք թերագնահատելու:

-Մեկ բառով ձեզ համար բնութագրեք Օլիմպիական խաղերը:

-Նպատակ:

-Մի քանի բլից հարց. լե՞ռ, թե ծով:

-Ծով:

-Նարդի՞, թե շախմատ: 

-Ոչ մեկ:

-Սո՞ւրճ, թե թեյ:

-Սուրճ:

-Դոլմա՞, թե խորոված:

-Խորոված։

-Պիցցա՞, թե պաղպաղակ:

-Պիցցա:

-Գի՞րք, թե ֆիլմ:

-Ֆիլմ:

-Թո՞մը, թե Ջերին:

-Թոմը:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 52 օր:

Տեսանյութեր

Լրահոս