«ԱԳ նախարարի հրաժարականի վերաբերյալ մեկնաբանությունները հուշում են, որ իրադարձությունները արտաքին ճակատում անվերահսկելի փուլ են մտել»․ Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Օրեր առաջ, երբ ԱԳ արդեն նախկին նախարար Արա Այվազյանի հետ էինք հանդիպել, իր անուղղակի խոսքից հասկացա, որ այդ պաշտոնում մնալու մտադրություն առանձնապես չունի։
Բայց իմ տպավորությամբ, նա իր պաշտոնին պատրաստվում էր հրաժեշտ տալ հունիսի 20-ի քվեարկությունից անմիջապես հետո՝ համենայդեպս իր խոսքի կոնտեքստից դա էր բխում։
Այս պաշտոնաթողությունն ինձ հուշում է, որ իրավիճակը զարգանում է կանխատեսվածից շատ ավելի վատ սցենարով, որի պայմաններում ԱԳ նախարար 20 օր չսպասեց։
Չի բացառվեւմ, որ պատճառներից մեկն էլ Փաշինյանի՝ ԱԳՆ համակարգը շրջանցելն ու Ադրբեջանի հետ այլ խողովակներով գաղտնի պայմանավորվածությունների գնալն է։
Ընդհանրապես դիվանագետի հետ հանդիպումը շատ անկեղծ մթնոլորտում անցավ, չնայած Այվազյանի գրեթե բոլոր ձևակերպումները դիվանագիտական նուրբ փաթեթավորումներ ունեին, սակայն ակնհայտ էր, որ ներսում՝ ԱԳՆ-վարչապետ հարաբերությունները սկզբունքների, մոտեցումների առումով, ակնհայտ տարբերվող էին։
Մի խոսքով, ԱԳ նախարարի հրաժարականն ու դրա պատճառների վերաբերյալ մեկնաբանությունները հուշում են, որ իրադարձությունները արտաքին ճակատում անկանխատեսելի, անվերահսկելի փուլ են մտել»։