Եթե զորքը 2 կիլոմետր հետ ես քաշում, նշանակում է՝ նեյտրալ գոտին դառնում է քո պետության տարածքային ամբողջականության հաշվին․ Սուրեն Սարգսյան
«Նախ՝ պետք է հասկանալ, թե այդ դիտորդներն ինչ պետք է անեն, և, թե ինչ է նշանակում՝ զորքերը հետ քաշել առնվազն երկու կիլոմետր․ եթե զորքը 2 կմ հետ ես քաշում դեպի Հայաստանի սահման, նշանակում է՝ նեյտրալ գոտին դառնում է քո պետության տարածքային ամբողջականության հաշվին։ Իսկ սա, կարծում եմ, անընդունելի կլիներ ցանկացած ադեկվատ պետության համար»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սոթքից Խոզնավար սահմանային գծում միջազգային դիտորդների տեղակայման առաջարկին՝ նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Միջազգայնագետը հավելեց, որ առհասարակ ցանկացած պետությունում ցանկացած օտար ներկայություն ինչ-որ առումով խնդրահարույց է, և միանշանակ չէ, որ օտար ներկայությունը կարող է միայն դրական ազդեցություն ունենալ պետության համար։ Նա, այդուհանդերձ, չի կարծում, թե հիշյալ առաջարկն իրագործելի է, և ականատես կլինենք միջազգային դիտորդների ներկայության։
Սուրեն Սարգսյանն անդրադարձավ նաև արտգործնախարար Արա Այվազյանի հրաժարականին՝ նկատելով․ «Արտգործնախարարի արագ փոփոխությունը չի կարող դրական ազդեցություն ունենալ որևէ երկրի համար, որը բանակցությունների մեջ է գտնվում, և որի համար այդքան կենսական նշանակություն ունեն բանակցությունները, բայց կարծում եմ, որ այս վարչապետի հետ աշխատելն ուղղակի անհնարին է, և պատճառներից հենց հիմնականը դա է»։
Հիշեցնենք՝ Արա Այվազյանը հրաժարականի դիմում ներկայացրեց Անվտանգության խորհրդի մայիսի 27-ի արտահերթ նիստից ժամեր անց, երբ հայտնի դարձավ իրավիճակի հանգուցալուծման Փաշինյանի՝ սահմանագծի երկայնքով դիտորդներ տեղակայելու առաջարկի մասին։ Արա Այվազյանը արտգործնախարար էր նշանակվել նոյեմբերի 18-ին: