«Սահմանային իրավիճակի փոփոխություն այս ընթացքում չի եղել». Սիսիանի համայնքապետարանի խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, Սիսիանի հատվածում իրավիճակը հանգիստ է, որևէ տեղաշարժ կամ փոփոխություն չկա։ Այս մասին 168.am–ի հետ զրույցում տեղեկացրեց Սիսիանի համայնքապետարանի խոսնակ Անի Սիմոնյանը։
«Արտառոց որևէ դեպք, սահմանային իրավիճակի փոփոխություն, սադրանք այս ընթացքում չի եղել։ Իրավիճակն ինչպես կար, այնպես էլ մնացել է»,- նշեց Անի Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվական կայքերի տարածած լուրերին, թե Սյունիքի մարզում հայ զինվորների են գերեվարել, մեր զրուցակիցը նկատեց՝ այդ լուրը տարածելուց անմիջապես հետո ադրբեջանական կայքերն իրենք իրենց գրածը հերքել են։
Հիշեցնենք նաև՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։