Բաժիններ՝

12 երկրից Հայաստան ժամանած 106 երիտասարդ կմասնակցի ՀՊՏՀ-ում մեկնարկած սեմինարների

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) մեկնարկել են 3 միջազգային սեմինարներ, որոնց մասնակցելու համար Հայաստան են ժամանել 12 երկրների 106 մասնակիցներ:

Սեմինարները Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ կազմակերպել է «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպությունը, որը երիտասարդներին տրամադրում է կրթաթոշակներ միջազգային սեմինարներին, թրեյնինգներին, աշխատաժողովներին և ուսումնական պրակտիկաներին մասնակցելու համար, ինչպես, օրինակ, գերմանական 4 բուհերում 1 կիսամյակ փոխանակման ծրագրով ուսումնառելու ծրագիրն է: ՀՊՏՀ-ում մեկնարկած սեմինարների թեմաներն են՝ «Կանայք բիզնեսում», «Ձեռնարկատիրության հզորացումը երիտասարդների համար» և «Մտածի՛ր հրապարակելուց առաջ»:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպությանը` Եվրահանձնաժողովի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցությամբ Երևանում սեմինարների շարք անցկացնելու համար:

«Մենք տեղյակ ենք կազմակերպության իրականացրած հսկայական աշխատանքի մասին, և կարողությունների զարգացմանը զուգահեռ՝ սեմինարների շարքը լավ հարթակ է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրները քննարկելու և երկխոսության համար: Ուրախալի է, որ սեմինարների օրակարգում ընդգրկված են շատ հետաքրքիր թեմաներ` երիտասարդների զբաղվածության խթանման, երիտասարդ աշխատողների համար նոր կարողությունների և հմտությունների զարգացման, ինչպես նաև համապատասխան հարթակների ապահովման տեսանկյունից, որտեղ երիտասարդները կարող են կիսվել բիզնեսում իրենց փորձով, զարգացնել բիզնես պլանի հայեցակարգը և այլն»,- նշել է փոխնախարարը:

Արթուր Մարտիրոսյանը սեմինարների կազմակերպման առումով շեշտադրել է բարձրորակ կրթության հավասար հասանելիության ապահովումը, ձեռնարկատիրությամբ զբաղվելու հմտությունների զարգացումը և միջմշակութային երկխոսությունը:

«Ողջ աշխարհին պատուհասած Covid-19 համավարակին զուգահեռ՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով մեր երկիրը բախվել է լուրջ մարտահրավերների, որոնք իրենց ազդեցությունն են թողել նաև երիտասարդության վրա: Ընդ որում՝ նրանցից շատերն իրենց ուսերին կրել են պատերազմի ծանրությունը և դրա հետևանքները: Հետևաբար, մեր պարտքն է՝ երիտասարդների համար ստեղծել հնարավորություններ՝ ոտքի կանգնելու և զարգացման նոր մակարդակի հասնելու, ազատ երկրի երջանիկ անհատ ու պատասխանատու քաղաքացի դառնալու տեսլականով, որի կյանքի կոչման գործում կարևոր է նաև միջազգային համագործակցությունը: Ըստ այդմ՝ այդ նպատակին է ուղղված առկա ձևաչափով կազմակերպվող սեմինարների այս շարքը, և ես ողջունում եմ բոլորիդ այցը մեր շատ ջերմ ու հյուրընկալ երկիր»,- դիմելով տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդներին՝ ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և հավելել, որ կայունությունն ու զարգացումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ տարբեր երկրների երիտասարդներ համագործակցեն և ցանցեր ու կամուրջներ ստեղծեն կրթության և ուսուցման միջոցով:

Սեմինարների մասնակիցներին ողջունել են նաև ՀՊՏՀ-ի ռեկտոր Դիանա Գալոյանը և «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպության ներկայացուցիչները: Այնուհետև երիտասարդները մի շարք հարցեր են ուղղել միջոցառման բանախոսներին: Դրանք, մասնավորապես, վերաբերել են միջպետական համաձայնագրերի շրջանակում Հայաստանի բուհերում սովորելու հնարավորությանը, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ռազմավարությանը:

Նշենք, որ «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպությունը 2000 թ.-ին հիմնադրվել է Գերմանիայում: Այն իրականացնում է մի շարք միջազգային և ազգային ծրագրեր՝ ստեղծելով միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հավասար հնարավորություններ բոլորի համար (և՛ ԵՄ, և՛ ԵՄ գործընկեր երկրների ներկայացուցիչների համար): Կազմակերպությունն իր բյուջեի 70 տոկոսի չափով ֆինանսավորվում է ԵՄ հանձնաժողովի կողմից: «Կոպեռնիկուս Բեռլին»-ը հայաստանյան բուհերից այս պահին համագործակցում է միայն ՀՊՏՀ-ի հետ. բուհի ուսանողներից մեկն այժմ փոխանակման ծրագրով ուսումնառում է Հումբոլդտի համալսարանում: Ներկայում բանակցություններ են սկսվել՝ այլ բուհերի հետ ևս համագործակցություն հաստատելու ուղղությամբ: Առաջիկայում կազմակերպությունը նախատեսում է Հայաստանում իրականացնել մի շարք ծրագրեր:

Սեմինարները կշարունակվեն մինչև հունիսի 11-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս