Հայկ Կոնջորյանն ընդդիմադիր առաջնորդներին բանավեճի է հրավիրում՝ իրենց տղամարդկությունն ու խիզախությունը ցույց տալու համար

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի խոսքով՝ քաղաքական բանավեճերի ընթացքում սրությունն ընդհանրապես ընդունված է բոլոր երկրներում, այդ թվում՝ ժողովրդավարական երկրներում։

«Մենք ըստ էության մեր ասելիքը և քաղաքական ընդդիմախոսների հետ մեր գաղափարական բախումները կազմակերպում ենք հռետորական մակարդակում։ Մենք որևէ մեկին չենք հետապնդում, փողոցներում մարդկանց չենք ծեծում, բարևելու համար մարդկանց կյանքը չենք խլում։ Մենք մարդկանց հետ խոսում, բանավիճում ենք։ Այդ մարդկանց, քաղաքական առաջնորդների մասին է խոսքը, հրավեր կա, որպեսզի գան և ուղիղ եթերում հանրության առջև բանավեճի ժամանակ իրենց խիզախությունը, տղամարդկությունը, հայերենին տիրապետելու իր հմտությունները ուղիղ եթերում ի ցույց դնել մեր ժողովրդին։ Կարծում եմ՝ բանավեճ ընդունելն ու մերժելը նաև վերաբերմունք է ժողովրդի նկատմամբ»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Հայկ Կոնջորյանը։

Ըստ նրա, եթե այդ քաղաքական առաջնորդները վախենալու բան չունեն ուղիղ եթերում պատասխանելու հարցերի և մտնելու բանավեճի մեջ, ապա բոլորը պետք է ընդունեն բանավեճի հրավերը, այլ ոչ թե գնան փակ դռների հետևում ծածուկ ասուլիսներ կազմակերպեն կամ փակ դահլիճներում հանդիպումներ կազմակերպեն։

«Դրա համար պետք է դուրս գալ փողոց, մտնել քաղաքներ ու գյուղեր, պետք է գնալ ու նախընտրական բանավեճի ժամանակ բանավիճել քաղաքական ընդդիմախոսի հետ»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս