Հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելության վերաբերյալ Արա Այվազյանն առարկություններ չի ունեցել. Լիլիթ Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ նախորդ շաբաթ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից առաջ Նիկոլ Փաշինյանը նախկին արտգործնախարար Արա Այվազյանին ներկայացրել է այն հայտարարության տեքստը, ըստ որի՝ առաջարկում է դիտորդական առաքելություն իրականացնել հայ-ադրբեջանական սահմանին, և Արա Այվազյանի կողմից առնվազն առարկություն չի եղել։
Արա Այվազյանի հրաժարականի դրդապատճառների մասին իշխանական խմբակցության ղեկավարը որևէ բան չի կարող ասել, քանի որ ոչինչ չգիտի։
Հարցին՝ դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկին արձագանքե՞լ են, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ այս պահին կարող են արձանագրել, որ հանրային արձագանք առնվազն ԵԱՀԿ Մինսկի համանախագահության կողմից եղել է, ընդ որում՝ բոլոր համանախագահների մասնակցությամբ։
«Մնացյալ գործընթացների հետ կապված վարչապետը վերջին երկու օրերի ընթացքում արդեն նշել է, որ Հայաստանը պատրաստ է խոսել իր մնացյալ քայլերի մասին այն բանից հետո, երբ Ադրբեջանն արձագանքի գործընկերներին և հայելանման կերպով հետ քաշի զինված ուժերը Հայաստանի տարածքից։ Կարծում եմ՝ այդ արձագանքից հետո, մենք հաջորդ քայլը պետք է սպասենք հենց ադրբեջանական զինված ուժերի կողմից»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց Լ. Մակունցը։
Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը, որ «զանգեզուրյան միջանցքի» ստեղծման վերաբերյալ կան արդյունքներ, Լիլիթ Մակունցը նկատեց՝ հակված է մեջբերել Նիկոլ Փաշինյանի պաշտոնական տեսակետը, այլ ոչ թե Ադրբեջանի նախագահի։
«Վարչապետը նշել է, որ խոսք է գնացել բացառապես ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, այլ ոչ թե միջանցքի»,- հավելեց նա։