
Արայիկ Հարությունյանը Մարտունիում ծանոթացել է իրականացվող շինաշխատանքների ընթացքին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 30-ին այցելել է Մարտունի շրջկենտրոն և ծանոթացել քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:
Երկրի ղեկավարը նախ եղել է մասնավոր ներդրումային ծրագրով կառուցվող բազմաբնակարան թաղամասում, որտեղ երկու տարվա ընթացքում «Ֆերզիտ» շինարարական ընկերությունը կկառուցի չորս հինգհարկանի շենքեր՝ 3 և 4 սենյականոց 116 բնակարանով: Շինարարական կազմակերպության ղեկավարի հավաստմամբ՝ շենքերը կունենան նկուղային հարկեր: Կկառուցվեն խաղահրապարակներ, ավտոկայանատեղի, կբարեկարգվի հարակից տարածքը: Շինարարությանը զուգահեռ՝ կվերանորոգվի նաև Մարտունու հին լողավազանը (պլյաժ):
Նախագահ Հարությունյանը շրջայց է կատարել նաև շրջկենտրոնի մի շարք թաղամասերում, որտեղ ակտիվ վերականգնման շինաշխատանքներ են իրականացվում, ծանոթացել է գործընթացին:
Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Մարտունի քաղաքը, որպես և՛ պատերազմից ամենաշատը տուժած բնակավայր, և՛ ակտիվորեն զարգացող համայնք, մշտապես գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում: Նախագահն այդ առումով տվել է մի շարք հանձնարարականներ. մասնավորապես՝ կարևորելով օրերս շահագործման հանձնված, քաղաքի կայուն էլեկտրամատակարարումն ապահովող նոր օդային գծի առկայությունը՝ նա հանձնարարել է կարճ ժամանակահատվածում Մարտունու փողոցներն ամբողջությամբ ապահովել գիշերային լուսավորությամբ: Մեկ այլ հանձնարարականով՝ վթարային բոլոր առանձնատները կապամոնտաժվեն և տեղերում բնակիչների համար կկառուցվեն արագ հավաքվող տներ:
Այցի ընթացքում Հանրապետության Նախագահը հանդիպել է 2020թ. պատերազմում զոհված և հետմահու պետական բարձր պարգևների արժանացած զինծառայողների հարազատների հետ: Նրանց հանձնելով պետական պարգևները՝ Արայիկ Հարությունյանն իր երախտագիտությունն է հայտնել բոլորին, նշել, որ կառավարությունը մշտապես գտնվելու է բոլոր զոհվածների ընտանիքների կողքին:
Նախագահ Հարությունյանը եղել է նաև Մարտունու հարակից տարածքում գտնվող նորատունկ ընկույզի այգում: