
Բրազիլիայում հազարավոր ցուցարարներ պահանջել են նախագահի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսել՝ կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու համար

Նախօրեին տասնյակ հազարավոր բրազիլացիներ մի շարք քաղաքներում դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով երկրում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը ձախողելու համար նախագահ Ժաիր Բոլսոնարուի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսել, հաղորդում է CNN-ը։
«Բոլսոնարուի կառավարությունն ավելի վտանգավոր է, քան վիրուսը»,- հայտարարել է ընդդիմադիր Սամարա Մարտինսը։
Հեռուստաալիքը հաղորդում է՝ Սան Պաուլոյի, Ռիո դե Ժանեյրոյի և այլ քաղաքների ցուցարարները փողոցներում շրջել են «Բոլսոնարո՛ւ, հեռացիր» գրությամբ պաստառներով և պահանջել են պատվաստանյութեր ձեռք բերելու համար ավելի շատ դրամական միջոցներ տրամադրել։
Նշվում է նաև, որ Բրազիլիայի Սենատի հանձնաժողովը ներկայում հետաքննում է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում կառավարության գործողությունները։
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել էր անցյալ տարվա փետրվարի 26-ին։ Երկիրը վարակվածների թվով (ավելի քան 16,4 մլն) ԱՄՆ-ից և Հնդկաստանից հետո աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում: Երկրում կորոնավիրուսից մահացել է 461 142 մարդ։
Հիշեցնենք, որ օրերս Բոլսոնարուն դիմել էր երկրի դաշնային գերագույն դատարան՝ խնդրելով հակասահմանադրական ճանաչել մայիսի վերջին երեք նահանգների կողմից սահմանված կարանտինային սահմանափակումները։
«Հայցի նպատակն է ապահովել քաղաքացու իրավունքների պահպանումը, ինչպիսիք են՝ ազատ տեղաշարժման, աշխատելու և ապրուստի միջոցներ ստանալու, կյանքի և առողջության իրավունքը», – ասված էր նրա հայտարարության մեջ։